Տնտեսական

22.12.2021 16:30


Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը

Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։

Նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրքություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Փոխվարչապետները հանդես են եկել նիստը ամփոփող ելույթներով և նիստի արդյունքում ստորագրել են արձանագրություն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում, ողջունելով միջկառավարական նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումներին, ինչպես նաև պատերազմի բոլոր ցնցումներին ու տնտեսական հետևանքներին, երկու երկրներին հաջողվել է պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կայացած նիստի արդյունքում հաջողվել է հերթական անգամ խթանել երկու երկրների հարաբերությունների զարգացումը և բացահայտել հայ-ռուսական համագործակցության բոլոր հեռանկարային ուղղությունները։

Ելույթում ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս համատեքստում փոխվարչապետը վստահեցրել է, որ հայկական կողմը առավելագույն ջանքեր կգործադրի միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն համընդգրկուն բնույթ և ներառում են միջպետական հարաբերությունների՝ առանց բացառության բոլոր ոլորտները։

Ամփոփելով՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան գործընկերներին նիստի շրջանակներում կառուցողական քննարկումների համար և խոսքը փոխանցել Ալեքսեյ Օվերչուկին։

Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը