Քաղաքական

21.12.2021 15:40


Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը (տեսանյութ)

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով նիստը, քանի որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պետք է մասնակցի Վերաքննիչ քրեական դատարանի նիստին, որտեղ քննարկվելու է իր պաշտպանյալների ազատության հարցը։ Բացի այդ, պաշտպանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ բացակայելու է ՀՀ-ից։

Լուսինե Սահակյանը նաև միջնորդեց վերանայել դատական նիստերի ժամանակացույցը՝ հաշվի առնելով, որ դատական նիստերը երբեմն համընկում են ԱԺ նիստերի օրերի հետ, ինչը խոչընդոտում է Գևորգյանի պատգամավորական գործունեությունը։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ, որ դատական նիստերը պետք է պարտադիր երեքշաբթի օրերին նշանակվեն։ Սակայն դատավորը նպատակահարմար չգտավ սահմանել այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում նիստեր չեն նշանակվելու, նշելով, որ սույն գործով նիստերն առանց այդ էլ բազմիցս հետաձգվել են։

Դատական նիստը հետաձգվեց մինչև 2022 թվականի հունվարի 18-ը։

Այս խորագրի վերջին նյութերը