Լրահոս

21.12.2021 11:15


Գրիպով պայմանավորված հիվանդացության բարձր ակտիվություն կա. թիրախում երեխաներն են

Գրիպով պայմանավորված հիվանդացության բարձր ակտիվություն կա. թիրախում երեխաներն են

Հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված նկատվում է հիվանդացության բարձր ակտիվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկականերում, այնպես էլ հիվանդանոցներում: Բարձր ակտիվություն է նկատվում Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, սակայն առավել բարձ ցուցանիշներ առկա են Երևանում:

«Վերջին տվյալներով ստացիոնար բուժում է ստանում 661 բուժառու, որից շուրջ 95 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են: Երևանի մանկական բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 17 երեխա: Առավել խոցելի են 0-4 տարեկանները, նրանց մոտ հիվանդությունը ծանր է ընթանում»,-ասաց Եվգենյա Խաչատրյանը: Մշտադիտարկում իրականացվում է նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում: Հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ բացակայությունների թիվն աճել է:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը, որը որոշ դեպքերում ավելի սուր ընթացք է ունենում: Ախտանշանները նույնն են, որոնք բնորոշ են սուր շնչառական հիվանդություններին՝ հարբուխ, կոկորդի ցավ, ընդհանուր մկանացավ, գլխացավ: Կարող է ուղեկցվել ջերմությունով կամ առանց դրա: Խորհուրդ է տրվում հաճախ օդափոխել սենյակները, ախտահանել ձեռքերը, պահպանել հակահամաճարակային կանոնները: Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ կանխարգելիչ կարևոր գործոններից է նաև դիմակ կրելը, որը կօգնի վարակի շղթան կոտրելու գործում:

Գրիպի կանխարգելելու համար առանցքային է պատվաստումը: Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ պատվաստանյութերն առկա են պոլիկլինիկաներում, ցանկացողները կարող են դիմել:

Այս խորագրի վերջին նյութերը