Կարծիք

14.07.2011 11:48


«Երկխոսողները» խարխլում են պետության հիմքերը

«Երկխոսողները» խարխլում են պետության հիմքերը

Անհիշելի եւ նախապատմական ժամանակներում կոնգրեսականները եւ հատկապես Կոնգրեսի առաջնորդները պատրաստ էին անարգանքի սյունին գամել բոլոր նրանց, ովքեր ՀՀԿ-ականներին եւ ԲՀԿ-ականներին մոտենում էին ավելի քան հիսուն մետր: Բնականաբար, ՕԵԿ-ականների մասին խոսք անգամ լինել չէր կարող: Հիմա շոգից է, թե աստղերի դասավորվածությունից, բայց Կոնգրեսի առաջնորդները պատրաստ են անգամ «երկխոսել», «բանակցել» ՀՀԿ-ի պահակի հետ:

Կոնգրեսի առաջնորդների բախտից, Սերժ Սարգսյանը որոշեց նրանց հետ շփվել ոչ թե ՀՀԿ-ի պահակի, այլ շատ ավելի բարձր մակարդակով: Բայց այստեղ կարեւորը եւ էականը պատվիրակությունների կազմերը չեն, այլ այն, որ կողմերը որոշեցին շփվել միմյանց հետ: Անցան գող փիսոների եւ քաչալ շների ժամանակները: Հիմա եկել է «երկխոսության» ժամանակը:

Իհարկե, մենք արդեն գիտենք, որ նույն այդ «երկխոսությունը» կամ գաղտնի գործարքը վաղուց է կայացել, եւ որ հիմա միայն ձեւական միջոցառումներ են տեղի ունենալու, բայց կարեւոր է հասկանալ, թե ինչու հենց հիմա որոշեցին օրինականացնել իրենց հարաբերությունները: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկացան, որ հաջողության հասնելու համար իրենք պետք է ոչ թե գաղտնի, այլ գոնե կիսագաղտնի համագործակցեն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ որեւէ մեկը կամ ավելի ճիշտ ժողովուրդը ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեն խնդրել որոշել երկրի ներկան եւ ապագան:

Եթե Սերժ Սարգսյանը եկել է այն եզրահանգման, որ Ազգային Ժողովում առկա պատկերը չի արտացոլում հասարակական տրամադրությունները, ապա առանց ամաչելու պետք է արտահերթ ընտրություններ նշանակի: Եթե նա չի գնում այդ քայլին (իսկ մենք գիտենք, թե ինչու չի գնում), ապա անհասկանալի է, թե ինչու է այսքան աղմուկ-աղաղակով պատրաստվում բանակցել մի խումբ բանագնացների հետ: Եւ հետո, ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանին իրավունք տվել ժողովրդի անունից բանակցել իշխանությունների հետ: Եթե Ազատության հրապարակում 3-4 հազարանոց հանրահավաք անող յուրաքանչյուր անձ բանակցի ժողովրդի անունից, ապա այս երկրում քարը քարի վրա չի մնա:

Եթե մինչ օրս ունեինք ոչ լեգիտիմ իշխանություններ, ապա այսօրվանից արդեն ունենք նաեւ ոչ լեգիտիմ ընդդիմություն: Զարմանալի չէ, որ ոչ լեգիտիմ եւ ժողովրդի գերակշիռ մասի աջակցությունը չվայելող ուժերը միմյանց հետ դաշինք կազմելով լուծում են նեղ անձնական խնդիրներ:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե նման դաշիքը հնարավոր չէ, քանի որ կողմերի միջեւ ատելությունն ինչ որ պահի չափազանց մեծ է եղել, բայց ընդհանուր նպատակը միավորում է նաեւ միմյանց ատողներին: Բոլորովին վերջերս Բոսնիա եւ Հերցեգովինայում միմյանց ատող եւ թշնամաբար տրամադրված մահմեդական բոսնիացիներն ու կաթոլիկ խորվաթները միավորվեցին սերբերի դեմ պայքարելու համար: Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ միավորվել են ընդդեմ իրական ընդդիմության՝ հանրության մեծամասնության:

Արդեն պարզ է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը երկրի վաղվա օրը չի կապում ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս երկու գործիչներն էլ դա գիտակցում են եւ միմյանց ուժեղացնելու համար դաշիքն են կազմել եւ մի մեծ շոու ներկայացում սկսել: Նրանք հույս ունեն, որ այս դաշիքն իրենց կօգնի հաղթել իրական ընդդիմությանը, որը կազմակերպական առումով դեռ չի կայացել, բայց շատ շուտով ամեն ինչ կփոխվի: Հենց այս փոփոխությունից էլ անհանգստանում են Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոնք հասկանում են որ հասարակական աջակցություն գրեթե չունեն:

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արեցին, որ տնտեսական եւ  սոցիալական խնդիրներն ավելի դժվարանան, իսկ ժողովրդագրական վիճակն արդեն առավել քան մտահոգիչ է: Հասկանալի է, որ այս վիճակում խնդիրները այնքան են բարդացել, որ արդեն իսկ դառնում են ազգային անվտանգության հիմնահարցեր: Պարզ է նաեւ, որ այս իրավիճակում վարչախումբը չի կարող հույսը դնել ժողովրդի աջակցության վրա:

Նույնիսկ դպրոցահասակ երեխաներն էլ հասկանում են, որ ժողովրդի լայն շերտերի աջակցության վրա չի կարող հույս դնել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը, որը հաջողությամբ մարեց համաժողովրդական բողոքի ալիքը:

Հիմա վարչախմբի եւ Կոնգրեսի առաջնորդները հույս ունեն, որ իրենց «երկխոսություն» խաղով կկարողանան մոլորեցնել ժողովրդի մի զգալի հատվածի, ինչն էլ թույլ կտա ապահովել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը, իսկ տերպետրոսյանականներին էլ մի քանի պատգամավորական տեղ ձեռք բերել, իսկ ավելի ճիշտ, նվեր ստանալ:

Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս գործում հաջողության հասնելու համար շատ քիչ հնարավորություն ունեն: Նրանց տիրույթից դուրս մնացած ուժերը պետք է շատ ապաշնորհ գտնվեն, որ թույլ տան ժողովրդին ծաղրի ենթարկելով ինչ-ինչ ծրագրեր իրականացվեն, որից կտուժի ՀՀ քաղաքացին եւ մեր երկիրը:

Մի քանի ճիշտ եւ ճկուն գործողությունների արդյունքում հնարավոր կլինի միավորել բոլոր նրանց, ովքեր հասկանում են, որ այսպես չի կարելի շարունակել, որ այսպես շարունակելու դեպքում մենք համաշխարհային կազինոյում տանուլ կտանք մեր Հայաստանը:

Բարեբախտաբար կան ե՛ւ քաղաքական կուսակցություններ, ե՛ւ քաղաքական գործիչներ, ե՛ւ անհատ քաղաքացիներ, ե՛ւ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք հասկանում են պահի ամբողջ լրջությունը եւ պատրաստ են հանուն երկրի ապագայի մի կողմ դնել երկրորդական եւ երրորդական հարցերը եւ ժողովրդի հետ պարզ լեզվով խոսելով՝ փոխել առկա գաղջ մթնոլորտը:

Մենք ժամանակ չունենք եւ ոչ էլ ռեսուրսներ, հետեւելու համար, թե ինչպես են մի քանի արկածախնդիրներ «երկխոսություն-երկխոսություն» խաղում, եւ դա ներկայացնում այնպես, կարծես ազգափրկիչ ծրագիր են իրականացնում: Այս ամենն իրոք զավեշտալի է: Գնում են երկխոսելու, բայց չգիտեն, թե ինչ հարցեր են քննարկելու: Հետո կարող է քննարկեն զբոսայգիներում զուգարանների տեղադրման հարցը կամ հնարավոր է քննարկեն էլեկտրամոբիլների Հայաստան ներկրման հարցը: Եթե չի քննարկվելու արտահերթ ընտրությունների հարցը, ապա ինչ հարց ասես, որ կարելի է քննարկել: Պարզապես, դժվար է հասկանալ նրանց, ովքեր գնում են բանակցությունների, իմանալով, որ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկվելու, բայց այսքանից հետո շարունակում են միամիտներ փնտրել, որ նրանց համոզեն, թե հենց այս ճանապարհն էլ տանում է իշխանափոխության: Համաձայնվեք, որ այսպես վարվողները քաղաքականությունից եւ պետություն ղեկավարելուց պետք է շատ հեռու քայլեն:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը