Մեկնաբանություն

20.12.2021 11:40


Հայ-թուրքական «երկխոսության» իրական օրակարգը

Հայ-թուրքական «երկխոսության» իրական օրակարգը

Հայաստանն ու Թուրքիան նշանակել են իրենց ներկայացուցիչներին, որպեսզի նրանք բանակցեն հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով։

Հայաստանն իրականում ներկայացուցիչ չունի։ Ոչ այն պատճառով, որ ՀՀ–ն ներկայացնում է «թուրքական շպիոնի» պիտակ ունեցող Ռուբեն Ռուբինյանը։

Հայաստանն իրականում ներկայացուցիչ չունի, քանզի բանակցությունների է մասնակցում պարտված ղեկավարի պայմաններում։ Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է և նրա օրոք ՀՀ–ն ցանկացած բանակցություններում զրո ներկայացվածություն ունի և պարտված է «էն գլխից»։

Թուրքական նախապայմաններն ու Ադրբեջանի պահանջները

Նիկոլն Էրդողանից խնդրեց հանդիպում, բայց չստացավ։ Նրան ուղարկեցին Ալիևի մոտ՝ պահանջները բավարարելու։ Դրան զուգահեռ Թուրքիան իր նախապայմաններն առաջ քաշեց։

Նիկոլական իշխանությունը կուլիսներում, ըստ ամենայնի, համաձայնել է բավարարել թուրքական նախապայմանները (այլապես Թուրքիան «երկխոսության» մեջ չէր մտնի)։

Ինչ վերաբերում է «երկխոսության» հրապարակային կողմին, ապա Նիկոլն իր համաձայնությունը թուրքական նախապայմանները բավարարելու հարցում տվեց տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանին ԱԺ–ում ընդունելով։ Դա մեսիջ էր, որ պաշտոնական Երևանը՝

ա) Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում,

բ) հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետականորեն հետապնդելուց (հենց սա է քարոզում Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարակից Լիպարիտյանը)։

Դե իսկ Սյունիքի միջանցքի թեման մնում է օրակարգում։

Թուրքիայի փոխնախագահը հայտարարում է, որ իրենք Հայաստանի հետ բանակցելու են Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելով։ Դա նշանակում է, որ ՀՀ–ից նրանք զիջումներ են կորզելու ու ստանալու, այլապես որևէ քայլ չեն անի, որը հնարավորություն կտա Նիկոլին ցույց տալ, թե, իբր, արդյունքներ է գրանցում ու հեսա Թուրքիայի հետ առևտրով լավ ենք ապրելու։

Հայ–թուրքական «երկխոսությունն» ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ–ի քավորությամբ։ Այդ «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։ Այդ գաղափարի հեղինակին չի հետաքրքրում, որ դրա արդյունքում ՀՀ–ն կհայտնվի թուրք–ադրբեջանական աքցանի մեջ։ Իրենք մեծ խնդիր են լուծում ու տաշեղի ճակատագրով չեն հետաքրքրվում։

Հայ–թուրքական ներկա օրակարգը հակահայկական ու հակառուսական (նաև՝ հակաիրանական) բնույթ ունի։ Այդ «երկխոսությանը» ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ–ը և Ադրբեջանը։ Ռուբինյանը ստատիստի դեր է կատարելու՝ ստատիստի դերում թողնելով Հայաստանին։ Բայց դե Ռուբինյանին մեղադրել պետք չէ։ Նա ուսապարկ է, որին Նիկոլը նշանակել է։ Ով էլ նշանակվեր, ստատիստի էր վերածվելու, քանզի Նիկոլի Հայաստանը միշտ է պարտվելու՝ չհաշված մանկական Եվրատեսիլը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը