Քաղաքական

16.12.2021 13:56


68 հազար դրամ ստացող մարդը ինչպե՞ս կարող է 40 հազար դրամ վճարել թեստավորման համար. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

68 հազար դրամ ստացող մարդը ինչպե՞ս կարող է 40 հազար դրամ վճարել թեստավորման համար. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Մարդը բարձրագույն արժեք է, որի հետ պարտադրանքով չեն խոսում, լինի կորոնավիրուսի, թե ցանկացած այլ որոտում որևէ բանի դեմ պայքար։ Մարդու իրավունքները կարող են իրավաչափորեն սահմանափակվել, բայց երբեք ոչ պարտադրանքի միջոցով։ Այս մասին Սահմանադրական դատարանում Առողջապահության նախարարության՝ սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ որոշման վիճարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ըստ պատգամավորի՝ Առողջապահության նախարարությունը, ՍԴ-ին ներկայացված գրության մեջ, ՊՇՌ թեստերի հետազոտման վերաբերյալ անհանգստացնող տվյալներ է ներկայացրել։

«Ես կարծում եմ՝ ՀՀ իրավասու մարմնի մոտ առնվազն տագնապի զգացողություն պետք է լիներ։ Ասում են, որ ՊՇՌ թեստի նվազագույն արժեք կարող է սահմանվել 5000 դրամը։ 5000 դրամով հետազոտում իրականացվել է բացառապես մեծ կազմակերպությունների, կոլեկտիվ հայտերի պայմաններում, այլևս այն գոյություն չունի։ Պարզվում է՝ ունենք նաև պատկեր, որ ՊՇՌ հետազոտությունը լինում է 40 000 դրամ։ 68 000 դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում ՊՇՌ հետազոտությունը, ըստ ԱՆ-ի՝ ՍԴ-ին ներկայացված պաշտոնական գրության, կարող է լինել 40 000 դրամ, և մարդը, որն ստանում է 68 000 դրամ, պետք է ամսվա կտրվածքով երկու անգամ վճարի, օրինակ, 40 000 դրամ, կամ 15000, 20 000 և այլն»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե դա անընդունելի է։

«Մինչ օրս արձագանք չի տրվում մի տրամաբանական հարցադրման՝ ինչու՞ պետությունն այդ ծախսերը չի կատարում։ ՀՀ պետական բյուջեն ունի բոլոր հնարավորությունները՝ դա ապահովելու, բայց դրա փոխարեն ՀՀ քաղաքացուն դնում ենք երկընտրանքի առաջ՝ կա՛մ պարտադրանքով պատվաստվել, կա՛մ ամբողջ ամսվա վարձատրությունը տալ ՊՇՌ հետազոտության։ Սա դասական իմաստով եղել է հակաքարոզ պատվաստումների հարցում, որովհետև մարդկանց հետ ճշգրիտ խոսելու, իրավիճակը ներկայացնելու փոխարեն խոսել են պարտադրանքի լեզվով»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Դատաքննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը