Քաղաքական

15.12.2021 11:59


ՔՊ-ն բոյկոտեց սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին «Հայաստան» խմբակցության հրավիրած արտահերթ նիստը (տեսանյութ)

ՔՊ-ն բոյկոտեց սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին «Հայաստան» խմբակցության հրավիրած արտահերթ նիստը (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր հրավիրել էր ԱԺ արտահերթ նիստ՝ սահմանագծման և սահմանազատման թեմայով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց նիստը՝ չմասնակցելով։ Նիստի արդյունքում պետք է ընդունվեր ԱԺ հետևյալ հայտարարությունը, որը հրապարակել է «Հայաստան» խմբակցությունը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

Դատապարտում է՝

ա) Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը, ուժի շարունակական գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները, փաստացի սահմանագծման և սահմանազատման գործողությունները։

բ) Գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, նոր գերեվարումների դեպքերը, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող այլ գործողությունները:

Արձանագրում է, որ

ա) 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ և ԱՀ տարածքների նկատմամբ ոտնձգություններով, խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում պատմամշակութային ժառանգության ոչնչացումով կամ յուրացումով:

բ) Արցախի ժողովրդի անվտանգ և կայուն կենսագործունեության երաշխավորման համար անհրաժեշտություն է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման 5 ամյա ժամկետի առնվազը նույն ժամկետով երկարաձգումը՝ Կողմերից մեկի, այդ ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ երկարաձգման հայտարարության հիման վրա:

գ) Պետական սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, որը պետք է բխի ՄԱԿ-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (1969), Հելսինկիի եզրափակիչ ակտի (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռքբերված ցանկացած միջազգային համաձայնություն:

գ) ԵԱՀԿ Մինսկի խումբն է միջազգայնորեն ճանաչված այն ձևաչափը, որի շրջանակներում կարգավորվելու և իրացվելու է Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման երաշխավորված իրավունքը, միջազգային իրավունքի սկզբունքներով ձևավորված Արցախի Հանրապետության դե ֆակտո գոյության ամրապնդումը, ինչպես նաև Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայման:

դ) Հիմնավորվել է 44-օրյա պատերազմում ահաբեկչական վարձկան խմբավորումների ներգրավմամբ Թուրքիայի բացահայտ մասնակցությունը, ինչը սակայն մնացել է անպատիժ՝ պատշաճ գնահատական չստանալով միջազգային հանրության կողմից։

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ:

Հաստատում է, որ

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմել: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ամրագրել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն իր իրավահաջորդությունը:

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի միջազգային-իրավական ոչ մի պարտավորություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել ևս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:

գ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնություն ձեռք բերել՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իրավական հիմնարար նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է:

դ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:

Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում է.

ա) Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:

բ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձևավորվելու օրինական փաստը։

գ) Պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների կահավորմանը, հստակեցնել և կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ։

Հիմնավորում

Ազգային ժողովի կողմից՝ ներկայացված հայտարարության ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր և մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ և աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի և չդադարող ռազմական ագրեսիայի հետևանքով:

Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են խիստ մտահոգիչ հայտարարություններ, որոնք չեն բխում միջազգային իրավունքից, Հայ ժողովրդի կամքն արտահայտող Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից և Անկախության հռչակագրից, Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումից, արցախյան հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորելու ընդունված ձևաչափից:

Ավելին՝ անտեսելով Խորհրդային ժամանակաշրջանում Արցախի և Հայաստանի տարածքների Ադրբեջանի կողմից ապօրինի յուրացման փաստերը, չդիտարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր սահմանագծման և սահմանազատման հարցը արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ մեկ փաթեթում, ստեղծվում է իրական վտանգ հայոց պետականության գոյության և հայ ժողովրդի անվտանգ լինելիության համար:

Հայտարարությունով Ազգային ժողովը, որպես Սահմանադրությամբ ամրագրված՝ Հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, իր քաղաքական դիրքրոշումն է արտահայտում Հայոց պետականության կենսական կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ պահանջելով իր վերահսկողության ներքո գնտվող Հայաստանի գործադիր իշխանությունից առաջնորդվել Հայ ժողովրդի շահերով, սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ միջազգային ընդունված կանոններին համապատասխան: Հայտարարության նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը 2021 թվականի նոյեմբերի 25-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ, որի մասնակից բազմաթիվ հասարակական-քաղաքական, մտավորական և գիտական շրջանակաների ներկայացուցիչների կողմից հնչել են բազմաթիվ առաջարկներ: Հայտարարության նախագիծը քննարկվել է նաև Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Հնչեցված առաջարկների հիման վրա հայտարարության նախագիծը լրամշակվել է և առաջադրվում է Ազգային ժողովում ընդունման համար:

Այս խորագրի վերջին նյութերը