Քաղաքական

15.12.2021 10:54


Իշխանությունը փորձում է լռեցնել ընդդիմադիրներին եւ հնարավոր փաստաթղթի ստորագրումից առաջ վախեցնել մարդկանց աչքը. Խամոյան (տեսանյութ)

Իշխանությունը փորձում է լռեցնել ընդդիմադիրներին եւ հնարավոր փաստաթղթի ստորագրումից առաջ վախեցնել մարդկանց աչքը. Խամոյան (տեսանյութ)

Կարծում եմ՝ այլևս ակնհայտ է, որ երբ արտաքին ճակատում իրավիճակը սրվում է, Նիկոլ Փաշինյանն ավելի ուժգին է միացնում իր ռեպրեսիվ մեքենան՝ փորձելով այդ կերպ հանրության ուշադրությունը շեղել հիմնական խնդիրներից ու մեր երկրի առջև եղած մարտահրավերներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և կալանավորելու միջնորդություն ներկայացնելուն:

«Երբ վերջին համապետական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, հուսամ վերջին անգամ, ձայներ էր մուրում, ասում էր, որ իրեն ընտրելու դեպքում Հայաստանի համար խաղաղության դարաշրջան է բացվելու, բայց տեսանք, որ դրանից հետո նորից տարածքային կորուստներ, զոհեր ունեցանք, և սպասված խաղաղությունն այդպես էլ, իհարկե, չեկավ: Ավելին, կորցնելով Արցախը՝ բոլոր այն մարդիկ, որոնք չէին հասկանում Արցախի կարևորությունը նաև Հայաստանի անվտանգության համար, հասկացանք, որ Արցախը բեռ չէր, այլ արժեք էր, պաշտպանիչ վահան և, իրականում, Արցախն էր ՀՀ-ի անվտանգության երաշխավորն իրականում:

Հենց այս րոպեներին Բրյուսելում եռակողմ հանդիպում է ընթանում, որից առաջ Ալիևը հայտարարեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանք»-ը Լաչինի միջանցքին հավասար ռեժիմ պետք է ունենա: Հետո Նիկոլ Փաշինյանը խրոխտ կերպով արձագանքեց ֆեյսբուքյան իր պատին, ենթադրում եմ՝ հիմա էլ պատասխան պահանջող հայացքով, հուսանք, փորձելու է պարզաբանումներ ստանալ: Դրանից առաջ Սոչիում բանակցություններից հետո հայտարարվեց, որ փոխվարչապետերի մակարդակով բանակցությունները պետք է տան իրենց արդյունքը, և մենք դա չտեսանք: Այլևս մեր քաղաքացիների համար ակնհայտ է դառնում, որ այս իշխանություններն անկարող են պահել մեր ազգային շահը երկրից դուրս, իսկ երկրի ներսում փորձում են լռեցնել բոլոր ընդդիմադիրներին և սպասվելիք, հնարավոր փաստաթղթի ստորագրումից առաջ վախեցնել մարդկանց աչքը: Այսօր թե՛ Նարեկ Մանթաշյանի ձերբակալումը, թե՛ Նարեկ Սամսոնյանին ասֆալտին փռելու օպերացիան դրա համար էին»,-նկատեց պատգամավորը:

Խամոյանի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է շեղել օրակարգը, մոլորեցնել մարդկանց, որ չհնչեցնեն հարցադրումներ ու պատասխաններ իրենից չպահնաջեն:

«Բայց դա նրան չի հաջողվելու՝ մեր հասարակությունը, միանշանակ, իրենից պատասխաններ է պահանջելու: Թուրքիայի հետ, փաստորեն, գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել, և երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը լուսավորեց մեզ՝ հայտնելով, որ հատուկ ներկայացուցիչներ են նշանակվելու հարաբերությունների կարգավորման համար, և միայն այսօր առավոտյան մեր ԱԳՆ-ն հաստատեց տեղեկությունն ու կարևորեց հատուկ ներկայացուցչի նշանակման փաստն ու հարաբերությունների հաստատումը, Թուրքիան արդեն խոսում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, դեսպանատուն բացելու մասին: Մենք այս մասին իմանում ենք թուրք պաշտոնյաներից, ադրբեջանական մամուլից, և դրանից հետո են միայն մեր իշխանությունները հաստատում կամ շարունակում հերքել հայ ժողովրդից թաքուն իրականացվող պրոցեսները՝ օպերատիվ կապի միջոցով՝ Էրդողանի հետ, Վրաստանի վարչապետի միջոցով կամ այլ գաղտնի կապի միջոցով: Ակնհայտ է, որ գաղտնի պրոցեսներ են գնում, իշխանությունը թշնամու հետ ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ է ձեռք բերում»,-նշեց Խամոյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, քննվում է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։

Այս խորագրի վերջին նյութերը