Քաղաքական

14.12.2021 12:22


«Այդ ամենի մեջ իր «շնորհն» ունի նաև ԱԺ նախագահը». Ագնեսա Խամոյան

«Այդ ամենի մեջ իր «շնորհն» ունի նաև ԱԺ նախագահը». Ագնեսա Խամոյան
Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության պահանջի համար հիմք են հանդիսացել մի քանի պատճառներ, որոնցից մեկը դիվանագիտական սկանդալն էր, երբ նա հայտարարություններով հանդես եկավ Ռուսաստանում և խնդիրներ ստեղծեց արտաքին քաղաքականության ոլորտում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ալեն Սիմոնյանի` գերիների հետ կապված վերջին հայտարարությունը, երբ ԱԺ նախագահը նրանց հանցագործ է անվանում, ևս պատճառ է դարձել նրա հետկանչի գործընթացը նախաձեռնելու համար։ Երրորդ հիմնական պատճառն Ալեն Սիմոնյանի անհամապատասխանությունն է ԱԺ նախագահի պաշտոնին` նկատի ունենալով նիստերի ընթացքում նրա անհարկի միջամտություններն ընդդիմադիր պատգամավորների ելույթների ժամանակ, նրա մեկնաբանություններն ու լարված մթնոլորտը, որն առաջանում է նրա անգործության պատճառով, որովհետև ԱԺ–ում արդեն տեղի է ունեցել մի քանի միջադեպ, ընդհուպ՝ ծեծկռտուք։ Այդ ամենի մեջ իր «շնորհն» ունի նաև ԱԺ նախագահը»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Խամոյանի կարծիքով` չարժե այդքան միանշանակ պնդել, որ ընդդիմության նախաձեռնությունը իսկզբանե անհաջողության է մատնված՝ հաշվի առնելով ներիշխանական խնդիրները, իշխանության ներսում առկա բավականին մեծ լարվածությունը։
Ըստ նրա`յուրաքանչյուր ՔՊ–ական պատգամավոր դեմ քվեարկելով Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությանը` ինքը նույնպես ստորագրում է գերիների մասին ասված հայտարարությունների տակ, առավել ևս, որ Ալեն Սիմոնյանը խախտել է գերիների անմեղության կանխավարկածը` խաղալով նրանց ծնողների զգացմունքների հետ, ինչը վայել չէ բարձրաստիճան պետական պաշտոնյային։
Խամոյանի համոզմամբ` Ալեն Սրիմոնյանի և նրա քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանի օր առաջ իշխանությունից հեռանալը հնարավորություն կտա շտկել երկրում ստեղծված աղետալի իրավիճակը, որում հայտնվել է ժողովուրդը։
Նշենք, որ ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել է ընդդիմության այս քայլին` նշելով, թե այս արարքը երկու բանի մասին է խոսում. նախ, որ ընդդիմության քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, ապա՝ որ ինքն իր մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ է արել։

Այս խորագրի վերջին նյութերը