Քաղաքական

14.12.2021 10:38


Իսկ Հայաստանի շահերն ո՞վ պետք է պաշտպանի․ «Փաստ»

Իսկ Հայաստանի շահերն ո՞վ պետք է պաշտպանի․ «Փաստ»

«Արցախյան պատերազմից մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, սակայն տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Չնայած Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է ստացել, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից խաղաղության հաստատմանը միտված որևէ քայլ նկատելի չէ։ Եվ այսպիսի պայմաններում տպավորություն է առաջանում, որ մեր իշխանությունները մոռացել են ՀՀ օրակարգային հարցերի մասին և միայն հակառակորդին հաճոյանալուն ուղղված քայլեր են ձեռնարկում։ Այսինքն, քպական իշխանության քաղաքականությունը, մեծ հաշվով, չի բխում Հայաստանի կենսական շահերից։

Այս տեսանկյունից ուշագրավ է, որ իր վերջին ասուլիսի ընթացքում Փաշինյանը խոստանում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովի հարթակն օգտագործել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների ու ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման մասին խոսելու համար, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Բաքվի գործողությունները։ Սակայն, ինչպես միշտ, այս անգամ ևս Փաշինյանը տեր չկանգնեց իր խոստմանը, և համաժողովի իր ելույթում որևէ խոսք անգամ չասաց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ Ադրբեջանի իրագործած հանցագործությունների, ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչ վարձկանների օգտագործման, էթնիկ զտումների, հայ ժողովրդի նկատմամբ ատելության գեներացման, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» կառուցման, մշակութային, պատմական հուշարձանները ոչնչացնելու և շատուշատ հարցերի մասին։

Խնդիրն այն է, որ առիթը շատ պատեհ էր՝ ցույց տալու, որ Ադրբեջանը հակաժողովրդավարական և մարդու իրավունքները ոտնահարող պետություն է, ինչը մեծ արձագանք կստանար հատկապես այն պարագայում, երբ Ալիևը հրավիրված չէր համաժողովին։ Բայց, չգիտես ինչու, մեր իշխանություններն անընդհատ խնայում են հակառակորդին։ Նմանատիպ առիթ էր նաև դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման օրվա կապակցությամբ տարբեր նախաձեռնություններով հանդես գալու և հայտարարություն անելու հնարավորությունը։

Բայց դեկտեմբերի 9-ին ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն անորոշ էր և ընդամենը «պտիչկա» դնելու խնդիր էր լուծում, քանի որ դրանում ոչ մի խոսք չկար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակության անհրաժեշտության, թուրքական ժխտողականության դատապարտման ու Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան որպես ցեղասպանության շարունակություն դիտարկելու վերաբերյալ։ Եվ սա այն պարագայում, որ անցած տարի՝ պատերազմի ամենաթեժ փուլում, Փաշինյանը, անդրադառնալով ռազմական գործողություններում Անկարայի ներգրավվածությանը, հարց էր հնչեցնում, թե ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս, ապա պատասխանում այդ հարցին, թե՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը: Նրա այդ ժամանակվա դիտարկման համաձայն, Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:

Եվ հիմա ստացվում է, որ Փաշինյանը շատ արագ է «մոռանում» իր հայտարարությունը, իսկ ավելի հաճախ իր կողմից հնչեցված դիրքորոշմանը հակադրվող քայլեր է ձեռնարկում։ Այնինչ անհրաժեշտ էր ամենաբարձր մակարդակով միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա։ Միևնույն ժամանակ, սահմանային լարվածության ֆոնին Թուրքիային ու Ադրբեջանին քարտ բլանշ տալու կամ նրանց պահանջների առաջ կանաչ լույս վառելու մասին է վկայում փոխարտգործնախարարի մակարդակով Հայաստանի մասնակցությունը «3+2» ֆորմատով հանդիպումների մեկնարկին։ Սկզբում Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանն այս ձևաչափի մասին իր դիրքորոշումը ձևակերպելու համար պետք է նախ հասկանա, թե դա իր բովանդակությամբ ինչ է նշանակում, իսկ հետո նշում էր, թե «3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք հայկական կողմն արդեն համաձայնեցված քննարկում է այլ ֆորմատներով։

Բայց եթե այլ ֆորմատներով համաձայնեցված հարցերը պետք է բացառվեն կամ չներառվեն «3+3»-ի շրջանակներում, ապա այդ դեպքում առհասարակ հարցական է դառնում, թե ի՞նչ բովանդակություն պետք է քննարկվի այս հարթակում։ Օրինակ՝ Վրաստանը նպատակահարմար չգտավ մասնակցություն ունենալ այդ ձևաչափում, և այն փաստացի վերածվեց «3+2»-ի։ Այս պարագայում զարմանալի է, թե ինչո՞ւ է Հայաստանը համաձայնում մաս կազմել մի ձևաչափի, որի նախաձեռնության գաղափարի հեղինակը Թուրքիայի նախագահ Էրդողանն է։ Հատկապես, որ նույնիսկ հասարակ քաղաքացիների համար է պարզ, թե ինչու է Թուրքիան նման առաջարկով հանդես եկել։ Քանի որ Արցախյան հակամարտության կարգավորումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը Ռուսաստանի միջնորդությամբ փոխվարչապետների մակարդակով քննարկվում է եռակողմ ձևաչափով, ապա դրա արդյունքում Թուրքիան, ըստ էության, դուրս է մնացել տարածաշրջանային զարգացումների վրա ազդեցություն ունենալուց։

Ուստի «3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակ ստեղծելու դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում ազդել Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա և Հարավային Կովկասում իր վերահսկողությունը հաստատել։ Բացի դրանից, պետք է ուշադրություն դարձնել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը միջազգային տարբեր ուղղություններով աշխատում է։ Օրինակ՝ գործում են Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան և այլ համագործակցության ձևաչափեր։

Իսկ վերջերս էլ Անկարան ու Բաքուն ձգտում են Իրանի հետ համատեղ գործակցության հարթակ ստեղծել, իսկ Հայաստանը տարածաշրջանային ձևաչափերով աշխատելու ուղղությամբ գրեթե ոչինչ չի ձեռնարկում։ Այնինչ, կարելի էր աշխատել, օրինակ, ՀՀ-Հունաստան-Կիպրոս, ՀՀ-ԻրանՎրաստան, ՌԴ-ՀՀ-Իրան, ՀՀ-Իրան-Հնդկաստան ձևաչափերով, բայց խնդիրն այն է, որ ՀՀ իշխանություններն անգամ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ չեն կարողանում հարաբերությունները զարգացնել, ուր մնաց տարածաշրջանային նախաձեռնություններով հանդես գան»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը