Մեկնաբանություն

13.08.2011 09:59


ՀԱԿ–ը կախված է մեկ մարդուց, և այդ այդ մեկ մարդը Սերժն է

ՀԱԿ–ը կախված է մեկ մարդուց, և այդ այդ մեկ մարդը Սերժն է

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների ձերբակալման հետ կապված «երկխոսությամբ» հաճախորդացողները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր. «Բացառված չէ նաև, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև սկսած երկխոսությունը»։ Եթե մի քիչ էլ «տաքանային» երևի կգրեին՝ հասի՛ր Սերժ, մերոնց ծեծում են, բայց «երկխոսական» պատասխանատվությունը և ժանրի կանոնները հետ են պահել «արմատականներին» այդպիսի կտրուկ հայտարարություն անելուց ու նրանք բավարարվել են վիժեցման մասին նախազգուշացումներով։

Փաստորեն, Լևոն Տեր–Պետրոսյանը ոստիկանության վրա տղա է բերում, և այդ տղան Սերժ Սարգսյանն է, ով, ըստ «արմատականների»՝ ցանկանում է «երկխոսության» միջոցով արտահերթ ընտրություններ նշանակել ու դրանից առաջ որոշել է մի փոքր հանգստանալ Կիպրոսի գեղատեսիլ վայրերում, իսկ ահա որոշ ուժեր չեն ցանկանում այդ արտահերթը և դրա համար էլ վիժեցնում են «երկխոսության» գործընթացը՝ Լևոնյուգենդի անդամներին քաշքելով։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

ՀԱԿ հայտարարության այդ հատվածից ստացվում է, որ իշխանության ներսում կա ժողովրդավար, բարի ու հանդուրժող Սերժ Սարգսյանը, իսկ մյուսները չար են ու կոպիտ։

Նկատենք, որ նման «ղալաթներ» իր «աղջիկ վախտվա» էնտուզիազմով չէր անում նույնիսկ «դհոլը»։ Հետո էլ ասում են, թե «երկխոսությունը» դեռ արդյունքներ չի տվել ու դրանից ոչ մեկը չի շահել։ Բա սա արդյունք չէ՞, բա սա շահել չէ՞. Սերժ Սարգսյանն իր համար քեֆ է քաշում կիպրոսներում ու աստանաներում, իսկ իր դրական PR–ը ՀԱԿ–ն անում է էջմիածնական միաբանների հնազանդությամբ ու հաճախորդներին հատուկ կարգապահությամբ։

Տեր–Պետրոսյանի թեթև ձեռքով Սարգսյանն ավազակապետից վերածվել է պուպուշ կամ ինչպես հետագայում է պատրաստվում ասել «հիմնադիրը»՝ օրինակարգ նախագահի, ում խանգարում են «քըխ բոյարները»։ Բա «երկխոսության» արդյունքներն ուրիշ էլ ի՞նչ կերպ են լինում։ Եվ ուրեմն, ամենքն իրենը ստացել է. առնվազն այս տարվա փետրվարից սկսված «երկխոսության» շնորհիվ Սերժ Սարգսյանը դարձել է ժողովրդավար ու գրեթե բոլոր ուղղություններով խայտառակ ձախողումներ արձանագրելով հանդերձ մնում է իր աթոռին, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր «կամանդը» մաստակի գովազդի պես առավոտից երեկո պտտեցվում են «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքներով, ու բացի այդ՝ նրանց հանրահավաքներից առաջ էլ Օպերայի բակը իշխանությունը ջրցան մեքենաների օգնությամբ հովացնում է, որպեսզի հավաքվածները շոգից չուշաթափվեն ու բարձր գոռան «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ», որից հետո հուժկու ձևով տուն գնան ու սպասեն պապիի «նոր» առաջադրանքներին։

Այսպես որ շարունակվի՝ մի օր կարող ենք հանդիպել ՀԱԿ հայտարարության, որտեղ գրված կլինի. «Օգտվելով Սերժ Սարգսյանի քնած լինելու հանգամանքից՝ որոշ ուժեր գիշերվա ժամը 4–ին վնաս են հասցրել ՀՀ տնտեսությանը, խափանել են «ֆուտբոլային» դիվանագիտությունը և չեն թողել Ղարաբաղը հանձնվի՝ դրանով իսկ վիժեցնելով երկխոսության գործընթացը։ Զարթնի՛ր Սերժիկ, մեռնիմ քեզի»։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ ՀԱԿ–ն ու անձամբ Տեր–Պետրոսյանը կախված են մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է։

Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է կախված մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Տեր–Պետրոսյանն է։ Նրանց միավորում է համատեղ ձախողվածությունն ու քաղաքական դաշտից դուրս գրվելու ընդհանուր վախը։ «Երկխոսությունն», ըստ այդմ, «կոնտր–ագենտների» փրկօղակն է, որի միջոցով մեկն ուզում է վերարտադրվել, իսկ մյուսը՝ «միաբանանալ»։ Իսկ ոմանք բռնեցին ու ժամանակից շուտ ոգևորվեցին ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը