Լրահոս

13.01.2011 10:53


Հայաստանը տնտեսական ազատությունների վարկանիշում բարելավել է իր դիրքերը

«Heritage» ամերիկյան հետազոտական կենտրոնը և «Wall Street Journal» լրագիրը ներկայացրել են աշխարհի երկրների տնտեսության ազատության մակարդակի հերթական ամենամյա  վարկանիշը։ Հետազոտությունների արդյունքով 183 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 36-րդ տեղը՝ այդպիսով նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավելով 0,5 միավորով, և ճանաչվել է «համեմատաբար ազատ տնտեսությամբ երկիր»։ Հետազոտության ընթացքում հաշվի է առնվել ոչ միայն տնտեսական ազատությունների մակարդակը, այլ նաև այն, թե ինչպես են իշխանություններն արձագանքում տնտեսական ճգնաժամերին։

Զեկույցի հեղինակները նշում են Հայաստանի տնտեսության շատ ոլորտների կոռուպցիայի բարձր մակարդակը։ Փորձագետները նաև մատնանշել են կառավարության մեծ ծախսերը՝ մասնավորապես շեշտելով, որ պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 50%-ին։

Համաձայն զեկույցի տվյալների՝ 17-րդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում Հոնկոնգի տնտեսությունը։ Ցուցակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, Սինգապուրը և Ավստրալիան։

Հետխորհրդային տարածքում տնտեսական ազատությունների մակարդակով առաջատար է համարվում Էստոնիան, որը զբաղեցնում է ցուցակի 14-րդ տեղը։ Վրաստանը 29-րդն է և համարվում է «հիմնականում ազատ տնտեսությամբ երկիր», իսկ Ադրբեջանը 92-րդն է և համարվում է «հիմնականում ոչ ազատ տնտեսություն ունեցող երկիր»։ Ռուսաստանը  ցուցակում 143-րդն է։

Այս խորագրի վերջին նյութերը