Լրահոս

09.12.2021 17:43


Փարամազյանի ապօրինի կալանքը մեկ անձի վրեժխնդրության դրսևորում է․ պաշտպան

Փարամազյանի ապօրինի կալանքը մեկ անձի վրեժխնդրության դրսևորում է․ պաշտպան

Ապօրինի կալանքի տակ գտնվող անձի ազատության շանսեր միշտ կան, եւ շատ բան կախված է նրանից, թե մենք, ի վերջո, կհաջողե՞նք սկսել դատաքննության պրոցեսը, թե՞ ոչ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Պաշտպանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս արագ սկսվի դատաքննությունն ու ապացույցների հետազոտման պրոցեսը: Սա բոլորին հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ ծիծաղելի ու անհեթեթ մեղադրանքների հետ գործ ունենք»,-ասաց Վարոսյանը:

Փաստաբանը շեշտում է՝ Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն ի սկզբանե եղել է ապօրինի, մեկ անձի վրեժխնդրության դրսեւորում, հրապարակային արտահայտված ցուցումների հետեւանք:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գորիսի նստավայրում, դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով դատական նիստը, սակայն հետաձգվեց, քանի որ նիստին չէին եկել որոշ կողմեր, այդ թվում՝ ամբաստանյալներից մեկը՝ Նվեր Մկրտչյանը:

Դատարանը անհարգելի համարեց նրա՝ դատական նիստին ներկա չգտնվելու փաստը եւ որոշում կայացրեց Մկրտչյանի խափանման միջոց ստորագրությունը փոխարինել կալանքով: Փարամազյանի պաշտպանն ասում է՝ հիմնավոր կասկածներ ունի մտածելու, որ Մկրտչյանի՝ ներկա չգտնվելը կոնկրետ նպատակ էր հետապնդում:

Ի դեպ, ըստ մամուլի՝ Մկրտչյանը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մտերիմն է․ փաստը վկայող լուսանկար է հրապարակվել։

«Կասկածներ ունեմ, որ նրա չգալու պատճառը դատական նիստը հետաձգելուն էր միտված: Ամբաստանյալի ներկայությունը նիստին նրա պարտականությունն է, ոչ թե իրավունքը: Եթե անձը չի ներկայանում ՝ իմանալով, որ իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը կփոխվի, նշանակում է՝ ունի որոշակի միտում: Այն, որ նրա բացակայությունն անհարգելի էր, միանշանակ էր, ինչը նաեւ փաստվել էր այդ անձի պաշտպանի գրությամբ: Չնայած հանգամանքին, որ մենք եւս գտնում էինք, որ կալանավորումը, որպես խափանման միջոց, կիրառելու հիմքեր այդ պահին չկային եւ այդպես էլ արտահայտվեցինք, բայցեւայնպես դատարանը որոշեց խափանման միջոցը փոխել եւ կիրառել կալանավորում»,- մանրամասնեց փաստաբանը:

Ամբաստանյալի բացակայության պատճառով Փարամազյանի պաշտպանական կողմը չի կարողացել ոչ մի միջնորդություն ներկայացնել դատարան, այդ թվում՝ նաեւ Քաջարան խոշորացված համայնքի ավագանու անդամների դիմումը՝ հաջակցություն Փարամազյանի։ Ավագանին դատական մարմնին խնդրում էր փոխել Փարամազյանի խափանման միջոցը եւ ազատ արձակել նրան։ «Արդար չէ ներկայումս չհիշատակել հզոր համայնքապետի դերն ու նշանակությունը ողջ 44-օրյա պատերազմում, առավել ևս հիմա, երբ պետականության հիմքերն ամրացնելու անհրաժեշտությանն ենք լծված յուրաքանչյուրս»,_նշված է ավագանու հայտարարության մեջ։

Դատավոր Բորիս Բախշիյանի օբյեկտիվությանը Վարոսյանը գնահատականներ տալ չցանկացավ՝ նշելով, որ դեռ վաղ է։ Բայց շեշտեց՝ դատական համակարգում աշխատող ցանկացած դատավոր այսօր գտնվում է աննկարագրելի ճնշումների ներքո: «Երբեւէ՝ Հայաստանի անկախությունից ի վեր, նման ճնշումներ դատական համակարգի վրա չեն եղել»,-հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։

Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ այս ամենն իր նկատմամբ սկսված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է»:

Այս խորագրի վերջին նյութերը