Քաղաքական

09.12.2021 17:08


Իշխանություններն իրականացնում են մեր դարավոր թշնամու քաղաքական պատվերը․ «Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»

Իշխանություններն իրականացնում են մեր դարավոր թշնամու քաղաքական պատվերը․ «Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»

Արցախյան պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի («Աշոտ Երկաթ») պաշտպանության խորհուրդը կոչով դիմել է հայրենիքի անվտանգությամբ մտահոգ կազմակերպություններին, անհատներին ՝ սատարելու լեգենդար հրամանատարին:

«Հայտնի է, որ ս. թ. դեկտեմբերի 1-ին դատախազության միջնորդության հիմքով ՀՀ Վերաքննիչ դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորվեց արցախյան 3 հերոսամարտերի մասնակից, հաղթանակած «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը («Աշոտ Երկաթ»):

Հաղթանակներ կերտած հրամանատարը շուրջ մեկ տարի գտնվում էր դատական հետապնդումների մեջ, և ի վերջո իշխանությունները, բազմաթիվ փորձերից հետո հասան իրենց իրական նպատակին՝ հրամանատարին կալանավորելուն, իսկ իբրև իրենց վարքագծի քողարկում ընտրեցին կեղծ՝ «ապօրինի զենք-զինամթերք» պահելու մեղադրանքը։

Այս սարքովի մեղադրանքի սնանկությունը տեսանելի է անգամ ոչ մասնագիտական և անզեն աչքով, և հրամանատարը քաղաքական հետապնդումների զոհ է, ուրեմն և՝ քաղբանտարկյալ:

ՀՀ վայ-իշխանությունները փաստորեն իրականացնում են մեր դարավոր թշնամու քաղաքական պատվերը, այն է՝ մեկուսացնել արցախյան հաղթանակը կերտած հերոսներին: Անթաքույց է, որ վերջնական նպատակը Սյունիքը թշնամուն նվիրաբերելու գործընթացն ավարտելու ճանապարհին բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելն է:

Սիրելի՛ հայրենակիցներ.

Հայրենիքի և նրա նվիրյալների ճակատագրի հանդեպ մտահոգությունը մեզ՝ «Ձայն հայրենեաց» հայ մտավորականների և մշակույթի գործիչների շարժմանը, «Պահեստազորի սպաներ» շարժմանը, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ին, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությանը, քաղաքական, հասարակական, մշակութային հեղինակավոր բազմաթիվ գործիչներին մղել է ստեղծելու Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ:

Կոչով դիմում ենք Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ մտահոգ կազմակերպություններին, անհատներին, ողջ հայությանը՝ սատարելու լեգենդար հրամանատարին:

Մեր նշանաբաններն են՝ «Ազատություն «Աշոտ Երկաթին» և «Ձեռքերդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»,-ասվում է Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը