Քաղաքական

09.12.2021 12:37


ՊՆ-ն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածների թիվը համարում է պետական գաղտնիք

ՊՆ-ն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածների թիվը համարում է պետական գաղտնիք

Պատերազմի ավարտից մեկ տարի անց դեռևս պարզ չէ, թե մենք մարդկային ինչ կորուստներ ունեցանք: Զոհերի, անհետ կորածների և գերեվարված անձանց մասին տևական ժամանակ պաշտոնական թվեր այդպես էլ չէին հրապարակվում:

Երկրի վարչապետն էլ Ազգային ժողովում պլյուս-մինուսով էր թիվ հնչեցնում: Ի վերջո, հոկտեմբերի 4-ին Քննչական կոմիտեն ներկայացրեց պաշտոնական թվեր: Ըստ այդ տվյալների՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում և Հայաստանում զոհվել է ընդհանուր 3 հազար 788 անձ, 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է։ Գերիների մասով նորից չկա հստակեցում: Ադրբեջանն այլ թիվ է ասում, ՀՀ կառավարությունը այլ, իրավապաշտպանները՝ այլ: Այս ամբողջ ընթացքում չի խոսվում նաև վիրավորում ստացած զինծառայողների և քաղաքացիական անձանց մասին: Տվյալները ստանալու համար Yerevan.Today-ը դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ ուղղելով հետևյալ հարցերը՝

  • 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց թիվը։
  • Նրանցից քա՞նիսն է քաղաքացիական անձ, քանիսն է կամավոր և քանիսն է զինծառայող։
  • Վիրավորում ստացած զինծառայողներից քա՞նիսը հաշմանդամության ինչ կարգ է ստացել։
  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը քանիսի՞ն է աջակցություն տրամադրել և ի՞նչ կարգի գումար։
  • 2020թ․ նոյեմբերի 10-ից մինչև 2021թ․ նոյեմբերի 28-ը ներառյալ քա՞նի զոհ և քա՞նի վիրավոր է արձանագրվել։ Խնդրում ենք նշել՝ դեպքերից քա՞նիսն է հակառակորդի գործողությունների հետևանք։

Նախարարությունից նախ պահանջեցին հավելյալ ժամկետ ինֆորմացիան տրամադրելու համար, ապա մերժեցին՝ պատճառաբանելով, որ նշված ինֆորմացիան հանդիսանում է պետական և ծառայողական գաղտնիք:

Նշենք, որ զոհերի և անհետ կորածների տվյալների մասին մեր գործընկերները մշտապես հարցումներ ուղարկել են ՊՆ, բայց մերժվել են նույն հիմնավորմամբ, որ դա պետական գաղտիք է, նման պատճաբանությամբ վերջին մերժումը եղել է հուլիսին, որից երեք ամիս անց արդեն պետական մեկ այլ գերատեսչություն՝ՔԿ-ն, այդ թիվը հրապարակում է:

Եվ մինչ ՊՆ վիրավորների թիվը մերժում է նույն հիմնավորմամաբ, մեկ այլ գերատեսչություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հրապարկում է թվեր: Այսպես, դեկտեմբերի 3-ին նախարարության ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցնում է հետևյալ թվերը.

«2020 թվականին արցախյան պատերազմից հետո հետազոտություն է իրականացվել 1962 անձի նկատմամբ, որոնցից 1488-ը ստացել է հաշմանդամություն, այդ թվում՝ առաջին խումբը՝ 113, երկրորդ խումբը՝ 394, երրորդ խումբը՝ 981»:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս կարևոր հարցում չկա միասնական աշխատանք պետական գերատեսչությունների միջև, ինչպե՞ս է մեկը իր հայեցողությամբ սահմանում պետական գաղտնիք, մերժում, մյուսը՝ հրապարակում, ի՞նչ սկզբունքով է հաշմանդամություն ստացածների թիվը հրապարակման ենթական, իսկ վիրավորում ստացածներինը՝ ոչ:

Եվ վերջապես ինչպե՞ս կարելի է քաղաքացուն հրավիրել պատերազմ, կենաց-մահու կռվի, արդյունքում ձեռք բերի վիրավորում ու հաշմանդամություն ու անգամ չհրապարակես հերոսի անունը։

No description available.

Այս խորագրի վերջին նյութերը