Կարծիք

13.07.2011 09:21


Աքչամը բացահայտում է Թուրքիայի` ամերիկյան պրոֆեսորներին կաշառելու ծրագիրը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Աքչամը բացահայտում է Թուրքիայի` ամերիկյան պրոֆեսորներին կաշառելու ծրագիրը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Անցյալ ամիս Գլենդելի հանրային գրադարանում տեղի ունեցած դասախոսության ընթացքում պրոֆեսոր Թաներ Աքչամի հայտարարությունը նման էր ռումբի պայթյունի, երբ բացահայտեց, որ Ստամբուլում մի գաղտնի աղբյուր հայտնել է իրեն, թե ինչպես Թուրքիայի կառավարությունը կաշառել է ամերիկացի պրոֆեսորներին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

Մասաչուսեթսի Վուստեր քաղաքի Քլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության Գալուստիան/Մուգար ամբիոնի վարիչ Դոկտոր Աքչամը նշեց, որ «Թուրքիայի կառավարությունն ԱՄՆ–ում հետապնդում է շատ հետևողական և ագրեսիվ քաղաքականություն»՝ փորձելով կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը։ Անկարայի մեծ սխեման թուրքական ժխտողականությունն առավել լայն շրջանակի համար ընդունելի դարձնելն է, ճիշտ այնպես, ինչպես 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը որակվում են որպես ցեղասպանություն։ Ավելին, Թուրքիան և իր ներկայացուցիչները, ԱՄՆ–ի դատարաններում մի շարք դատավարությունների միջոցով, փորձում են ներկայացնել ցեղասպանությունը ժխտող պրոֆեսորների քննադատությունը և համալսարանի ծրագրերից ռեվիզիոնիստական նյութերի բացառումը, որպես «ակադեմիական ազատության» սահմանափակում։

Պրոֆեսոր Աքչամը, ով Հայոց ցեղասպանությունն ընդունող Թուրքիայի առաջին գիտնականներից մեկն էր, պատմեց, թե անցյալ դեկտեմբերին Ստամբուլ այցի ժամանակ, ինքն առանձին զրույց է ունեցել մի անձի հետ, ով ուներ «ներքին տեղեկատվություն»՝ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության հարցին ուղղված Թուրքիայի արտաքին գործերի նախարարության գործողությունների վերաբերյալ։ Դոկտոր Աքչամի գաղտնի աղբյուրը հաղորդել է նրան, որ 2004-2005 թվականներին ամերիկյան համալսարանի մի պրոֆեսոր հանդիպել է «Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ կապված պաշտոնյանների հետ»։ Այդ հանդիպման ժամանակ պրոֆեսորը ասել է հյուրընկալող կողմին, որ «Թուրքիան գիտական մակարդակով համակարգված ծրագիր չունի Հայոց ցեղասպանության ամբաստանություններին հակազդելու համար» և որ «ցեղասպանության ենթադրությունն արդեն լավապես հաստատված է»՝ ասելով, որ նրանք չեն կարող շատ բան անել՝«փորձելով բացե ի բաց հակազդել դրան»։

Դոկտոր Աքչամը գաղտնի տեղեկացել է, որ Ամերիկայի այդ պրոֆեսորը ներկայացրել է հետևյալ առաջարկությունը թուրք պաշտոնյաներին. «Անհրաժեշտ է փորել մի փոս ցեղասպանության բոլոր պահանջների առջև. պետք է կասկածներ ստեղծել՝ պատրաստելով այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք կհարուցեն այդպիսի  կասկած»։ Դոկտոր Աքչամը մեկնաբանել է այս բառերը՝ ի նկատի ունենալով, որ «ստեղծելով և խրախուսելով նոր գիտական աշխատանքներ»՝ ամերիկացի գիտաշխատողները կարող են «սովորական դարձնել այն գաղափարը, որ 1915-ը ցեղասպանություն չէր, ճիշտ այնպես, ինչպես այն կարծիքը, որ դա ցեղասպանություն է»։

 

Թեև ընդհանուր առմամբ հայտնի է, որ Թուրքիայի կառավարությունը տրամադրում է դրամական միջոցներ բազմաթիվ գիտաշխատողներին, որպեսզի նրանք հրապարակեն Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածներ և գրքեր, սա առաջին անգամ է, որ այս ենթադրությունները հաստատվել են վստահելի թուրքական աղբյուրի կողմից։ Գաղտնի աղբյուրը հայտնել է Դոկտոր Աքչամին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ընդունել է ամերիկացի դասախոսի առաջարկը և «ԱՄՆ–ին է փոխանցել խոշոր չափի գումար»։  Տեղեկատվություն հավաքագրողը հայտնել է  Դոկտոր Աքչամին ամերիկացի դասախոսների այն անունները, ովքեր ստացել էին դրամական միջոցներ Հայոց ցեղասպանությունը ժխտող գրքեր գրելու համար և բացահայտեց, որ «կան նրանց ձեռքով ստորագրված փաստաթղթեր, և որ այս ստացականներն այժմ գտնվում են Արտաքին գործերի նախարարության արխիվներում»։

Իր դասախոսության ժամանակ, դոկտոր Աքչամը նշեց, որ նա չի ցանկացել «որևէ գիտնականի վրա կասկածի ստվեր գցել»։ Այնուամենայնիվ, երբ նա կապեց Ստամբուլի իր աղբյուրից ստացված տեղեկությունները որոշ վերջին հրապարակումների հետ, «առաջ է գալիս անհանգստացնող մի պատկեր՝ Հայոց ցեղասպանության հետ կապված ուսումնասիրությունների կապակցությամբ»։

Այնուհետև, դոկտոր Աքչամը անդրադարձավ Մայքլ Գյունթերի՝ «Հայոց պատմությունը և Ցեղասպանության հարցը» վերնագրված վերջին գրքին՝ որպես «այս մոտեցման հնարավոր օրինակ»։ Գրքի հրատարակչի` Փալգրեյվ Մաքմիլանի ինտերնետային էջը նշում է, որ «Թեև 600,000 հայեր մահացել են Առաջին համաշխարհային պատերազմում, դա չի եղել ոչ Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից կանխամտածված քաղաքականություն, և ոչ էլ առանց պատճառի միակողմանի իրականացված դեպք։ Ի հարկե, ոչ մի դեպքում սա չի կարող արդարացնել իրականացված սարսափելի անկարգությունները»։

Պրոֆեսոր Աքչամը հետագայում նկատեց, որ չորս գիտնականներ՝ Յուտա համալսարանից Հաքան Յավուզը,  Մասաչուսեթս համալսարանից Գենթեր Լևինը, Անկարայի Բիլքենթ համալսարանից Ջերեմի Սոլթը և Վիրջինիայի Ծովային հետևազորի կորպուսի շտաբի և ապարատի քոլեջի Էդվարդ Ջ. Էրիքսոնը, ովքեր գովասանական խոսքեր էին գրել Գյունթերի գրքի մասին, «քաջ հայտնի են 1915 թվականի ցեղասպանության հետ կապված իրենց ժխտողական դիրքով և աշխատանքներով»։ Թեև պրոֆեսոր Աքչամը չէր ցանկանում «մեղադրանքի խոսքեր հնչեցնել գրքի հեղինակի հասցեին», նա ասաց. «տարօրինակ նմանությունները, որոնք առկա են Ստամբուլում գաղտնաբար ինձ ասվածի և գրքի շապիկի խոսքերի միջև, ինձ հիասթափեցրին, այդքանը»։

Թեև ոչ մեկը չպետք է մեղադրի գիտաշխատողներին Թուրքիայի կառավարությունից կամ իր հավատարմատար անձանցից գումարներ ստանալու մեջ առանց հիմնավոր ապացույցների, այնուհետև, մեծապես ուսանելի կլինի, եթե նրանցից որևէ մեկը կամավոր հանդես գար և բացահայտեր, թե արդյոք ինքը ֆինանսավորվել է թուրքական աղբյուրներից։

Հարութ Սասունյան,

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը