Քաղաքական

08.12.2021 15:33


Ես անհետ կորած եղբայր ունեմ. եթե Ալեն Սիմոնյանը չի կարողանում ներողություն խնդրել, թող հրաժարական տա. ակցիայի մասնակից

Ես անհետ կորած եղբայր ունեմ. եթե Ալեն Սիմոնյանը չի կարողանում ներողություն խնդրել, թող հրաժարական տա. ակցիայի մասնակից

Մեր պահանջն է, որ Ալեն Սիմոնյանն իջնի այստեղ ու մեր առաջ, այստեղ կանգնած մայրերի առաջ կրկնի այն բառերը, որն ասել է: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ-ի մոտ անհետ կորածների ու գերեվարված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի մասնակիցը:

«Ինչքը որպես հայ ազգի ներկայացուցիչ, որպես տղամարդ թող իջնի ու պատասխան տա: Մեզնից վախում է, թող մայրերին պատասխան տա: Ես իրեն հարցեր չունեմ, ես պատասխան եմ սպասում: Ես եղբայր ունեմ անհետ կորած: Ես կուզենամ, որ ինքը լավ լսի: Մեզ պետք է, որ հենց Ալեն Սիմոնյանը գա էստեղ, եթե չի կարողանում ներողություն խնդրել, թող հրաժարական տա ու գնա: Նա պարտավոր է ներողություն խնդրի»,-ասաց նա:

Նշենք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ և փակել էին Դեմիրճյան փողոցը, փակեցին նաև Բաղրամյան պողոտան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի և շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել և փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետև նախ ծնողներին կվիրավորեմ և այլն, և այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»:

Այս խորագրի վերջին նյութերը