Քաղաքական

08.12.2021 10:32


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները հրապարակել են համատեղ հայտարարություն ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը: Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով ՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությանը նպաստելու համար:

Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջ ծավալով կատարել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և վերահաստատել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի, ինչպես նաև հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների մեջ: Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո ՝ մարդասիրական հարցերում հստակ առաջընթացի հասնելու համար, ներառյալ, մասնավորապես, ձերբակալվածների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի, պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանության ուղղությամբ, և կառուցողական աշխատել այլ չլուծված հարցերի կարգավորամն համար, ինչպիսիք են սահմանագծման և սահմանազատման, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ: Համանախագահող երկրները նաև մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատում, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անընդունելի է: Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ անում անհապաղ վերացնել հակամարտության հետևանքով տուժած շրջաններին և բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները:

Համանախագահող երկրները կողմերին հորդորում են որքան հնարավոր է շուտ ողջունել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան տեղում անմիջապես գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ: Նրանք նաև հայտնում են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCIO) շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին և կողմերին կոչ անում լիարժեք համագործակցել նրա ջանքերի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը ՝ իրենց մանդատին համապատասխան ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագային աջակցելու նպատակով:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը