Քաղաքական

07.12.2021 12:09


Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի պադավատի համար փող կա. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի պադավատի համար փող կա. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Պահանջում եմ, որպեսզի Ալեն Սիմոնյանը հանրությանը բացատրություն ներկայացնի, թե այդ ի՞նչ բարոյական իրավունքով է մեր երկրի այս վիճակում պետական փողերով՝ բյուջեի հաշվին, մոտ 200 հազար դոլարանոց BMW պադավատ ձեռքբերում։ Եվ դա այն դեպքում, երբ նույն օրը կառավարությունը մերժում է «Հայաստան» դաշինքի առաջարկը՝ բարձրացնել կենսաթոշակները։ Կառավարությունը մերժում է թոշակի բարձրացումը՝ պատճառաբանելով, որ փող չկա։

Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր պադավատի համար, փաստորեն, կա։ Դե ինչ, եկեք շնորհավորենք հպարտ քաղաքացիներին՝ պադավատապետության դեմ պայքարում հերթական հաղթանակը տանելու կապակցությամբ։

***

Մի ժամանակ Ալեն Սիմոնյանը, նրա առաջնորդը խոսում էին պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին ու հայտարարում, որ նրանք պետական միջոցներն են յուրացնում, պետական տենդերներն են հաղթում, մի խոսքով՝ թալանում են, դրա համար էլ հարստանում են։

2018–ի իշխանափոխությունից անցել է 3 տարի, ու նրանց ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեն բացահայտել։ Դա նշանակում է, որ կա՛մ նախկինում ստել են կոռուպցիայի թեմայով ու փորձել աչոկներ հավաքել, կա՛մ էլ չեն ստել, պարզապես հիմա իրենք են նույն գործով զբաղվում։

Ի դեպ, իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների ու շրջապատի գործերը։ Նրա եղբայրը Եվրոասֆալտ ընկերությունում տնօրեն է դարձել 2020–ի հուլիսին, ու դրանից հետո այդ կազմակերպությունը, երջանիկ պատահականությամբ, սկսել է ասֆալտի տենդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստանալ։

Հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված այս երջանիկ պատահականությունը։

Ի դեպ, օրերս Ալեն Սիմոնյանը թուրքամետ կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ արդարացել էր, թե բա իր դեմ քարոզարշավ են կազմակերպում, քանզի ունենում է արդյունավետ հանդիպումներ դրսում և փայլուն հարաբերություններ հաստատում, մասնավորապես՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թե ինչքանով են այդ հարաբերությունները փայլուն, պարզվեց երեք օր առաջ, երբ Ռուսաստանի արտգործնախարարությունից Ալեն Սիոմնայնին մեղադրեցին երևակայական, այսինքն՝ գոյություն չունեցող «Լավրովի պլանին» հղում անելու համար։ Դա, մեղմ ասած, դիվանագիտական ապտակ էր։

Ահա սա է նրա փայլուն հարաբերության ու արդյունավետ աշխատանքի գնահատականը։

Փայլուն ու արդյունավետ այս իշխանության մոտ ստացվում է միայն ասֆալտի տենդերները շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալն ու նույն պետբյուջեի հաշվին նոր պադավատ ունենալը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը