Քաղաքական

07.12.2021 10:56


Պետությունը քանդելու, ապականելու ճանապարհին ուժեղ բանակ և մարտական ոգի պետք չէ. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Պետությունը քանդելու, ապականելու ճանապարհին ուժեղ բանակ և մարտական ոգի պետք չէ. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների օրինագծով առաջարկվում է զինծառայողների բուժօգնությունը դարձնել առաջնահերթ, արտահերթ և անվճար։ Կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն է տվել։ Պատճառն, ըստ ամենայնի, այն է, որ նախագիծը ներկայացված է ոչ իշխանության ներկայացուցչի կողմից։ Այլապես որևէ առարկություն չէր հնչի թե՛ կառավարության, թե՛ ՔՊ խմբակցության ներկայացուցիչների կողմից։

Ավելին, ես համոզված եմ, որ եթե իշխանությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գար, որ, օրինակ, բոլոր այն մարդիկ, ովքեր կկրեն դուխով գրությամբ գլխարկներ, կստանան բուժսպասարկման առաջնահերթություն, ապա թե՛ կառավարությունը, թե՛ ՔՊ-ականները երկու ձեռքով կողմ կքվեարկեին այդ նախագծին։ Մի բան էլ ջանադրաբար կհիմնավորեին, թե հպարտ քաղաքացիներին ինչ առավելություն և արտոնություն է տալիս դուխով գլխարկ կրելը։

Իրականում մենք գործ ունենք բանակի շարունակական թուլացման ու անտեսման քաղաքականության հետ։ Այս նախագծով ընդգծվում է պատերազմող երկրի վերաբերմունքը մեր զինծառայողների նկատմամբ և նրանց կարևորությունը։ Սակայն, արդեն 3 տարի է, նաև դրանից առաջ էլ, այսօր իշխանության աթոռներին հայտնվածներից շատերը, դրսից ֆինանսավորմամբ և հրահրմամբ, հետևողականորեն վարկաբեկել են բանակը, զինվորականներին, հայրենիքի պաշտպաններին։ Որովհետև պետությունը քանդելու, ապականելու ճանապարհին ուժեղ բանակ և մարտական ոգի պետք չէ։

Բանակը թուլացնելու վերջին քայլն էլ «ասֆալտի օլիգարխ» և ըստ հրապարակումների՝ բանակում ծառայելիս հանցագործության համար դատված Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելն էր։ Սա պատերազմող երկրում 3 տարվա մեջ 4-րդ պաշտպանության նախարարն է, ընդ որում՝ ոչ մեկն այդ 4-ից արժանի չի եղել նախարարի կարգավիճակ ստանալուն։

Ահա այսպիսին է իշխանությունների վերաբերմունքը բանակին և զինծառայողներին, ու զարմանալի չէ, որ կառավարությունը բացասաբար է վերաբերվում սույն օրինագծին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը