Տնտեսական

07.12.2021 10:23


Թանկացումների շղթան ու էներգետիկ մարտահրավերները. «Փաստ»

Թանկացումների շղթան ու էներգետիկ մարտահրավերները. «Փաստ»

«Արդեն հաստատվել է, որ հունվարի 1-ից ջրի սակագինը 20 դրամով բարձրանում է։ Թե որքանով այս թանկացումը դրական կանդրադառնա ջրամատակարարման որակի բարձրացման վրա, դժվար է ասել, սակայն անկասկած այն լրացուցիչ բեռ է դառնալու սպառողների ու տնտեսվարողների համար ու հատկապես բարդացնելու է առանց այն էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց դրությունը։

Այս թանկացումն առավել ուշագրավ երանգներ է ստանում հատկապես Փաշինյանի տված խոստումների պարագայում։ Հիշեցնենք, որ վերջինս 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Բայց դե Նիկոլի ո՞ր խոստումն է կատարվել, որ սա կատարվեր, նրա բոլոր խոստումներն ու հայտարարությունները բացառապես պոպուլիստական են, ոչ ավելի: Հետաքրքրական է, որ ջրի թանկացումը համընկնում է շուկայում նկատվող համատարած թանկացումների ալիքին, երբ անգամ ամենաանհրաժեշտ ապրանքների գների սրընթաց աճ է նկատվում։

Սակայն թանկացումների այս արշավին շատ շուտով գումարվելու է նաև էներգակիրների հնարավոր թանկացման հարցը։ Այստեղ ուշագրավն այն է, որ էլեկտրաէներգիայի գինը վերջին անգամ փոխվել է փետրվարին, իսկ գազի գինը՝ հուլիսին, բայց ընդամենը մի քանի ամիս անց կրկին նոր թանկացման հարց է բարձրանում։ Այստեղ հատկապես կարևոր նշանակություն է ձեռք բերել Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցը։ Այն կառուցվել է 2013 թվականի համաձայնագրի համապատասխան, ըստ որի, էներգաբլոկը պետք է 9 տոկոս եկամտաբերություն ունենար, այսինքն՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է վաճառվեր հարևան Իրանին։

Սակայն չի վաճառվել, քանի որ Հայաստանը Իրանի և Վրաստանի հետ կապող էլեկտրահաղորդման գիծը չի կառուցվել, այսինքն՝ Հայաստան–Իրան–Ռուսաստան–Վրաստան «ՀյուսիսՀարավ» էներգետիկ միջանցքն իրականություն չի դարձել։ Այնինչ այս նախագիծը մեծ տարածաշրջանային հեռանկարներ էր խոստանում Հայաստանի համար էներգետիկ շրջափակումից դուրս գալու տեսանկյունից։ Ուստի պատահական չէ, որ 5-րդ էներգաբլոկը վնասով է աշխատել, պարտքեր է կուտակել ու արդեն ապրիլից կանգնած է, քանի որ դրա գազատուրբինային տեղակայանքի կապիտալ նորոգման անհրաժեշտություն է առաջացել, բայց համապատասխան միջոցներ չկան դրա համար։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ գազի թանկացման հարցը կապել էր 5-րդ էներգաբլոկի խնդրի լուծման հետ, իսկ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից, էներգաբլոկի պարտքերով պայմանավորված, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում կարող է տեղի ունենալ։ Ու, ընդհանրապես, էներգետիկ անվտանգության հարցը Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն է ձեռք բերել։ Եթե մեր երկիրը չկարողանա էլեկտրաէներգիայի արտահանման հզորություններ ստեղծել, ապա ընդհանրապես դուրս կմղվի տարածաշրջանում այս ոլորտում առաջ քաշվող նախագծերից, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր էներգետիկ ծրագրեր են առաջ քաշում՝ տարածաշրջանում իրենց դերակատարությունը բարձրացնելու նպատակով։

Օրինակ՝ վերջերս էլ Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը թուրքմենական գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր կնքեցին։ Այս համաձայնությունը հեռահար նպատակներ ունի, քանի որ Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն դժվարություններ ունի վառելիքը Եվրոպա հասցնելու հարցում։ Իսկ Հայաստանը չի կարողանում անգամ դեպի Իրան մեծ չափով էլեկտրաէներգիա արտահանել ու դրա փոխարեն գազ ստանալ, ուր մնաց գլուխ բերի Իրանի տարածքով թուրքմենական գազը ստանալու, ինչու չէ՝ նաև արտահանելու հարցը։ Բացի դրանից, աշխարհում ավելացել է հետաքրքրությունը համեմատաբար քիչ ածխածնային գազերի արտահանման և էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության միջոցների նկատմամբ, որոնցից մեկն էլ ատոմակայաններն են։

Սակայն Հայաստանը ամեն անգամ ինչ-որ կերպ երկարեցնում է արդեն իր դարն ապրած ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի կյանքը։ Այս անգամ ևս վերանորոգման արդյունքում դրա շահագործման ժամկետը երկարեցվեց մինչև 2026 թվականը, սակայն հասկանալի է, որ հնարավոր չէ շահագործումն անվերջ երկարեցնել, ու մի օր անհրաժեշտություն է առաջանալու ատոմակայանի աշխատանքն ուղղակի կանգնեցնել՝ անվտանգության և այլ նկատառումներից ելնելով։ Այս ֆոնի վրա նոր ատոմակայանի կառուցման հարցը ուղղակի հրատապ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի համար ինչպես ներքին պահանջարկը բավարարելու, այնպես էլ տարածաշրջանում էներգետիկ բալանսն ապահովելու տեսանկյունից, որպեսզի մեր երկիրը պահպանի իր մրցունակությունն այս ոլորտում, հատկապես որ Թուրքիայում արդեն կառուցվում է «Ակկույու» ատոմակայանը, իսկ Ադրբեջանը ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի իր տարածքում ևս ատոմակայան կառուցվի։

Սակայն պետք է հաշվի առնել, որ նոր ատոմակայանի կառուցումը միլիարդավոր դոլարների հարց է, ուստի պետք է հայթայթել այդ գումարները՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել կառուցել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մեխանիզմներ մտածել այն հարցի շուրջ, թե ինչպես և ինչ ուղիներով է արտահանվելու արտադրված էլեկտրաէներգիան, որպեսզի իր ծախսերը փակի ու Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի պատմությունը չկրկնվի»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը