Քաղաքական

04.12.2021 20:47


Հայաստանի 36 խոշորացված համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները (տեսանյութ)

Հայաստանի 36 խոշորացված համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները (տեսանյութ)

Հայաստանի տարբեր մարզերի 36 խոշորացված համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առավոտյան ժամը 08:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը:

Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե բոլոր համայնքներում պայքարում է համայնքապետի պաշտոնի համար։

Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 10 քաղաքական ուժ։ Խորհրդարան անցած ուժերից մասնակցելու են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցությունը: ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը: «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանը: Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գալիք ընտրություններին մասնակցում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքով, որի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Դաշինքի մաս է նաև նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:

Նոյեմբերյան համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը, «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարը Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանն է, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը։

Արթիկում իշխանություն ձեւավորելու համար պայքարող «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը գլխավորում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը: «Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ցուցակը գլխավորում է «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Աստոյանը: Արթիկի ՏԻՄ ընտրություններում հայտ ներկայացրած «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորում է Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը: «Հայ հեղափոխական դաշնակցությունը» եւս մասնակցում է ընտրություններին, ցուցակն Արթիկում գլխավորում է Հակոբ Մաթիլյանը:

Մասիս խոշորացված համայնքում պայքարում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակի առաջին համարը Մասիսի գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է:

Ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը