Քաղաքական

04.12.2021 10:56


Ադրբեջանի սադրանքների հեռահար նպատակներն ու դրանց հետևում երևացող «ականջները»․ «Փաստ»

Ադրբեջանի սադրանքների հեռահար նպատակներն ու դրանց հետևում երևացող «ականջները»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարածաշրջանային մակարդակում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց էլ պատերազմի վտանգը պահպանվում է։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքում իրականացված հերթական սադրանքն ու առաջխաղացումը դրա վառ ապացույցն են։ Պետք է հաշվի առնել, որ թուրքական կողմը Բաքվին անընդհատ հրահրում է Հայաստանի դեմ սադրանքների, որպեսզի դրանից հետո հայտարարի, թե Ադրբեջանին մենակ չեն թողնի Հայաստանի դեմ պայքարում։ Ըստ այդմ, թուրքական կողմը իր ցուցաբերած աջակցության համար փոխհատուցում է պահանջելու։

Այսպիսի գործելակերպի միջոցով Թուրքիան շարունակաբար առիթ է փնտրում Ադրբեջանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու ու Բաքվին իրենից կախվածության մեջ գցելու նպատակով։ Անկարան, ըստ էության, չի բավարարվում նրանով, որ Ադրբեջանում իր զինված ուժերի ներկայացուցիչները մշտական գտնվում են միայն Ակնայի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում։ Թուրքիան ձգտում է Ադրբեջանում ռազմաբազա հիմնել, մշտական ռազմական ներկայություն ապահովել, որի ենթատեքստում Ռուսաստանին քիչ-քիչ տարածաշրջանից դուրս մղելն ու պանթուրքական ինտեգրացիոն գործընթաց նախաձեռնելն ու նոր նախագծեր իրականացնելն է։ Պատահական չէ, որ Թուրքիան ԱՄՆ-ից նոր F 16 կործանիչներ գնելու իր մտադրությունը հիմնավորում է Ռուսաստանին տարածաշրջանում զսպելու հեռանկարով։

Ճիշտ է՝ Մոսկվային ու Անկարային հաջողվում է որոշակի հարցերում համաձայնության գալ, սակայն ռազմավարական տեսանկյունից այս երկու երկրների շահերը բախվում են։ Նախ՝ Ռուսաստանը և Թուրքիան իրար հակադիր ռազմաքաղաքական դաշինքների ներկայացուցիչներ են։ Եվ շահերի բախման հարցը տեսանելի է ինչպես Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայի հարցում, այնպես էլ Արցախի խնդրում։ Պատահական չէ, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո յուրաքանչյուր կարևոր քայլի ձեռնարկումից առաջ Բաքուն խորհրդակցում է Անկարայի հետ։

Ուստի, սրանով նկատելի է դառնում Թուրքիայի ձգտումը Ալիևի ձեռքերով շագանակներ հանել կրակից՝ տորպեդահարելով Արցախյան հակամարտության շուրջ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը։ Թուրքիայի կողմից եկող աջակցությամբ է պայմանավորված նաև այն, որ Ադրբեջանը իրեն այնքան վստահ է զգում, որ ոչ միայն չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնության պահանջները և չի վերադարձնում գերիներին, այլև նոր ներխուժումներ է կազմակերպում դեպի ՀՀ ինքնիշխան տարածք։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի հարցը մեկընդմիշտ փակվի։ Դրա համար էլ Ալիևն ու Բայրամովը անընդհատ կրկնում են, թե Արցախյան հիմնախնդիրը լուծվել է ռազմական ճանապարհով։ Սակայն Անկարային ու Բաքվին մեծապես անհանգստացնում է Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հարցը, դրա համար էլ Ադրբեջանն Արցախում պարբերաբար խախտում է հրադադարը, փորձում ահաբեկել արցախցիներին, այնպիսի պայմաններ ստեղծել, որ Արցախը դատարկվի, ու հայերը հեռանան։ Նրանց երազանքների տրամաբանությամբ, երբ Արցախում հայ չմնա, ապա անիմաստ է դառնալու նաև ռուս խաղաղապահների մնալու հարցը։

Իսկ ռուս զինվորականների ներկայության փոխարեն խաղաղապահ առաքելության անվան տակ Արցախում կտեղակայվեն թուրքական ստորաբաժանումները։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտներ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման համար, իսկ Ալիևը պարբերաբար քննադատում է համանախագահողներին, թե ի վիճակի չեն եղել Արցախյան հարցը լուծել։ Այսպիսի գործելակերպի ներքո ևս տեսանելի է Անկարայի հրահրող ձեռքը։ Չէ՞ որ Թուրքիան միշտ ձգտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մաս կազմել, դրա համար էլ անընդհատ փորձել է ի ցույց դնել, որ այն չի կարող արդյունավետ գործել, ուստի անհրաժեշտ է փոխել այդ ֆորմատը։ Ճիշտ է՝ Մինսկի խմբի համանախագահությանը քիչ դեպքերում է հաջողվել առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում, այնուամենայնիվ, այդ ձևաչափի առկայությունը կարևոր կայունացնող գործոն է տարածաշրջանում։

Այս հարցում կարևոր է այն հանգամանքը, որ չնայած Ռուսաստանը և Արևմուտքը բազմաթիվ ուղղություններով միմյանց հակադիր դիրքորոշումներ ունեն, սակայն դա չի խանգարում, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը գնահատեն ու ողջունեն Արցախյան հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը։ Ուստի այսպիսի իրավիճակում թուրք-ադրբեջանական հավակնությունները զսպելու նպատակով Հայաստանի իշխանությունները պետք է բազմաթիվ ուղղություններով խորացնեն համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ամեն կերպ պահպանելով Մինսկի խմբի ձևաչափում խնդրի կարգավորման գործընթացի շարունակականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը