Աշխարհ

03.12.2021 22:05


Եկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին և նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարով

Եկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին և նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարով

Դմիտրի Լևիցկու (1735-1822)` ռուս կայսրուհի Եկատերինա 2-րդի (1729-1796) դիմանկարը, ինչպես նաև նրան գրված նամակը ջրծաղիկի դեմ պատվաստման առավելությունների մասին, MacDougall's աճուրդի տանը վաճառվել է 951 հազար ֆունտ ստերլինգ (1.26 մլն դոլար): Չորեքշաբթի կայացած ռուսական արվեստի ստեղծագործությունների աճուրդի արդյունքների մասին տեղեկությունը տեղադրված է MacDougall's-ի կայքում։

Կոմս Պյոտր Ռումյանցևին ուղղված նամակը գրվել է 1787 թվականի ապրիլի 20-ին։ Կայսրուհին կոմսին հայտնում է, որ անհրաժեշտ է իրեն վստահված գավառներում սկսել «ջրծաղիկի պատվաստման պրակտիկան, որը, ինչպես գիտենք, մեծ վնաս է հասցնում, և հատկապես` հասարակ ժողովրդի շրջանում»։

«Որպեսզի նման պատվաստումը համընդհանուր լինի, հարմարություն է նախատեսված, քանի որ գրեթե բոլոր գավառներում բժիշկներ կամ բուժողներ կան, և այն մեծ ծախսեր չի պահանջում»,-գրում է Եկատերինա 2-րդը` խորհուրդ տալով բարձրացնել բժիշկների աշխատավարձը, ովքեր գիտեն, թե ինչպես պատվաստել:

Դեռևս 1768 թվականին Եկատերինա 2-րդն առաջինն էր Ռուսաստանում, ով պատվաստվեց ջրծաղկի դեմ և պնդեց, որպեսզի գահի ժառանգորդ Պավել Պետրովիչը ևս պատվաստվի։ Այն ժամանակ պատվաստումն արվում էր վարիոլացիոն մեթոդով՝ կտրում էին առողջ մարդու ձեռքի մաշկը և այնտեղ տեղադրում հիվանդի կենսանյութը։ Պատվաստված մարդը սովորաբար թույլ կերպով հիվանդանում էր և իմունիտետ էր ստանում, բայց կային նաև ռիսկեր, որոնց մասին կայսրուհուն հայտնի էր։ Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ Եկատերինա 2-րդի ցուցաբերած քաջությունն ու վճռականությունը՝ պայքարելու հարյուրավոր միլիոնավոր կյանքեր խլած հիվանդության դեմ, հատկապես կարևոր են COVID-19 համավարակի ժամանակ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը