Տնտեսական

03.12.2021 14:31


Պետությունը միջոցներ է մսխում՝ գնելով թանկ ծառայություններ այնպիսի ընկերություններից, որոնք նոր են ստեղծվել ու դարձել ֆավորիտներ․ «Գնումների աջակցության կենտրոնի» ղեկավար

Պետությունը միջոցներ է մսխում՝ գնելով թանկ ծառայություններ այնպիսի ընկերություններից, որոնք նոր են ստեղծվել ու դարձել ֆավորիտներ․ «Գնումների աջակցության կենտրոնի» ղեկավար

«Վերջին երեք տարվա ընթացքում պետական գնումների ոլորտում անհամեմատ մեծ ծավալների են հասնում մեկ անձից գնումները, պետությունը միջոցներ է մսխում՝ գնելով թանկ ծառայություններ հաճախ այնպիսի ընկերություններից, որոնք նոր-նոր են ստեղծվել ու դարձել պետության համար ֆավորիտներ»,-168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է «Գնումների աջակցության կենտրոնի» ղեկավար, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Հասմիկ Ենգոյանը:

Նա ընդգծել է՝ մեկ անձից գնման դեպքում պետությունն էժան ապրանք սկզբունքորեն ձեռք չի բերում։

«Փոխադարձ պայմանավորվածության հիման վրա պետությունը որոշում է, որ, օրինակ, 100 միլիոն դոլարով հենց այս ընկերությունից է գնելու ինչ-որ ծառայություն, մինչդեռ, եթե լիներ գնման մրցույթ, կարող էր տվյալ ծառայությունը գնել 50 միլիոնով»,-ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ կառավարությունը մեկ անձից գնումներն իրականացնում է ոչ թե իրական, այլ արհեստական հրատապության հիմքով՝ փորձելով այդպես արդարացնել ապօրինությունը։

Դիտարկմանը՝ փաստորեն, նույն սկզբունքն է կիրառվել նաև այն դեպքում, երբ Հայաստանի ոստիկանությունը մեկ անձից 3,5 միլիոն դոլարի գնման պայմանագիր է կնքել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ, կամ, օրինակ, 843 հազար դոլարի պայմանագիր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից իր կնոջը հավատարմագրային կառավարման հանձնված «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի հետ, Հասմիկ Ենգոյանը պատասխանել է.

«Այս դեպքերում պետք է խստիվ պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել մրցութային հիմքերով գնումներ իրականացնելու համար։ Երբ արհեստականորեն ստեղծում են հրատապության պատրանք, սա հանդիսանում է կլասիկ կոռուպցիոն սխեմա»։

Հասմիկ Ենգոյանը հիշեցրել է՝ մեկ անձից գնում կատարելու թույլտվությունը՝ հրատապության հիմքով, տալիս է բացառապես կառավարությունը, որոշում կայացնողը հենց կառավարությունն է, ուստի ո՛չ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող, ո՛չ Բագրատ Բադալյանի կնոջը հավատարմագրային կառավարման հանձնված, և ոչ էլ Ալեն Սիմոնյանի եղբորը պատկանող ընկերությունների հետ մեկ անձից գնումներ հնարավոր չէր լինի իրականացնել, եթե դրանց թույլտվությունը կառավարությունը չտար։

Այս խորագրի վերջին նյութերը