Տնտեսական

03.12.2021 14:31


Քաղաքացիների աղքատացման պրոցեսն էլ ավելի է սրվելու, շատերը բռնելու են արտագաղթի ճանապարհը. Սուրեն Պարսյան

Քաղաքացիների աղքատացման պրոցեսն էլ ավելի է սրվելու, շատերը բռնելու են արտագաղթի ճանապարհը. Սուրեն Պարսյան

2021 թվականի գնաճն աննախադեպ է վերջին 8 տարիների համեմատ։ Այն պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով։ Համաշխարհային շուկայում մի շարք ապրանքներ, բնականաբար, թանկացել են, և Հայատանում ևս թանկացումներ եղել են։ Իսկ ահա էներգակիրների թանկացումը սուբյեկտիվ բնույթ է կրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Այս թանկացումների շղթան սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ից, երբ սահմանի վրա 15 դոլարով թանկացավ բնական գազը՝ 1000 խ/մ դիմաց 150 դոլարից դառնալով 165 դոլար։ Այդ ժամանակ կառավարությունն ամեն ինչ արեց՝ թաքցնելու, որ թանկացումներ են լինելու։ Սակայն վերջիվերջո 2020 թվականին բնական գազի սակագինը բարձրացավ խոշոր սպառողնդերի, բիզնեսի, ՋԷԿ-երի համար։ Արդյունքում դա նպաստեց, որ արդեն 2021 թվականի փետրվարի 1-ից թանկանա հոսանքը։

Իշխանությունը սա ներկայացնում է, թե իբրև՝ տեսեք, ժողովուրդ, ձեր հոսանքն ու գազը չենք թանկացնում, բիզնեսի համար ենք թանկացնում։ Բայց բոլոր այս բարձրացումների բեռը սպառողների վրա է, քանի որ էլեկտրաէներգիայի և բնական գազի օգտագործմամբ արտադրվող ապրանքներն ու ծառայությունները սպառում է քաղաքացին»,-նշեց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ թանկացումների հաջորդ շղթան դարձավ խմելու ջուրը։

«Ջրի մատակարարման ժամանակ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է օգտագործվում, և «Վեոլիա ջուրը» դիմեց ջրի սակագնի բարձրացման հայտով։ Ինչպես գիտենք, արդեն 2022 թվականի հունվարի 1-ից ջուրը թանկանալու է 20 դրամով։ Այսինքն մենք ունենք թանկացումների շղթա, որը շարունակվում է։ Էլեկտրաէներգիայի մասով հերթական թանկացումը պայմանավորված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի և ատոմակայանի վարկի սպասարկմամբ։ Եթե ատոմակայանի վարկի սպասարկումը կանխատեսելի էր, ապա Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ծախսերը պայմանավորված են նրանով, որ 2013 թվականի ռուսական գազմատակարարման պայմանագրով նախատեսված էր, որ հայկական կողմը պարտավորվում է ամբողջ ծավալով իրացնել 5-րդ էներգաբլոկի էլեկտրաէներգիան։

Բայց 2013-ից մինչև հիմա հայկական կողմը 5-րդ էներգաբլոկի ընդամենը 30 տոկոսն է օգտագործել։ Արդյունքում 5-րդ էներգաբլոկը մեծ վնասներ է կուտակել։ Բացի այդ՝ նախատեսված էր, որ 5-րդ էներգաբլոկի էլեկտրաէներգիան պետք է արտահանվեր Իրան, և դրա համար էլ կառուցվում էր բաձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Ցավոք, ինչպես նախկին, այնօպես էլ այս կառավարությունը ձախողեցին այս ծրագիրը, և այդ գիծն առ այսօր պատրաստ չէ։ Իսկ այդ գիծը թույլ կտար Հայաստանից հոսանք արտահանել և դրա փոխարեն գազ ստանալ։ Այսինքն՝ կառավարությունների թերակատարած աշխատանքի համար վճարում է շարքային քաղաքացին»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Ամփոփելով՝ տնտեսագետը նկատեց՝ եթե փետրվարի 1-ից հոսանքի սակագինը բարձրանա, դա հանգեցնելու է շթղայական թանկացումների, և սա այն պարագայում, երբ շատ քաղաքացիների համար թոշակներն ու նպաստները չեն ավելացել։

«Հետևաբար, քաղաքացիների աղքատացման պրոցեսն էլ ավելի է սրվելու, սոցիալական խնդիրներն էլ ավելի են սրվելու, շատ քաղաքացիներ բռնելու են արտագաղթի ճանապարհը»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը