Քաղաքական

02.12.2021 13:32


Ոստիկանապետը ժողով է արել և հրահանգել ընտրել նախկին ՀՀԿ-ականին

Ոստիկանապետը ժողով է արել և հրահանգել ընտրել նախկին ՀՀԿ-ականին

Նոյեմբերյան խոշորացված համայնքի նախընտրական փուլն անցնում է խայտառակ ճնշումների և խախտումների ուղեկցությամբ։ Այստեղ միավորվելու են 19 գյուղ և 2 քաղաք։ Այսինքն, ըստ էության, վերականգնվում է Սովետական Նոյեմբերյանի շրջանը։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3 ուժ՝ Քաղպայմանագիրը՝ նախկին ՀՀԿ-ական Կարեն Աբազյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիրը»՝ Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ և «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ Մհեր Աղամյանի գլխավորությամբ։ Վերջին երկու թեկնածուները, կարելի է ասել, միավորել են իրենց ուժերը՝ իշխանության խախտումների դեմն առնելու համար, սակայն ուժերն անհավասար են։ ՔՊ-ն գործի է դրել իր ողջ ծանր հրետանին, որպեսզի Նոյեմբերյանում ընտրվի նախկին ՀՀԿ-ականը։

Նոյեմբերի 28-29-ին Նոյեմբերյան է գործուղվել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը հավաքել է ոստիկանության բոլոր աշխատողներին, ժողով է արել և ուղիղ տեքստով սպառնացել, որ եթե չընտրեն իրենց թեկնածուին՝ աշխատանքից կզրկվեն։ Իսկ ոստիկանների մեջ մեծ թվով մարդիկ կան, որոնք մյուս թեկնածուների կողմնակից են և չեն պատրաստվում ընտրել Աբազյանին։ Ավելին՝ ժողովի մանրամասները ներկայացրել են ՔՊ թեկնածուի մրցակիցներին։

Բացի սպառնալիքներից, իշխանությունը նաև կաշառելու մեթոդն է կիրառում։ Նոյեմբերի 30-ին, օրինակ, Այրում համայնքի համայնքապետ Արայիկ Պարանյանը 26 հոգու դրամական օգնություն է տրամադրել՝ ընդհանուր հաշվով 500 հազար դրամ։ Այսինքն յուրաքանչյուրին ուղիղ այն չափով, ինչքան գնահատվում է մեր երկրում մեկ քվեն՝ 20-30 հազար դրամ։

Երեկ ՏԻՄ ցուցակները գլխավորող Արսեն Աղաբաբյանը և Մհեր Աղամյանը այս և այլ փաստերի առիթով դիմում են գրել Ընտրատեղամասային հանձնաժողովին՝ Այրումի համայնքապետի «բարեգործությունը» որակելով որպես ընտրակաշառք։ Ըստ օրենքի, ԸԸՀ-ն այսօր պետք է քննարկի նրանց դիմումը և որոշում կայացնի։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրում են խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ իր համայնքի բնակիչներին դրամական աջակցություն տրամադրելու համար և նա արդեն մոտ 5 ամիս է կալանավորված է նույն արարքի համար, ինչն այսօր իրականացվում է ՔՊ-ի կողմից, օրինակ, Նոյեմբերյանում։

Աղբյուրը՝ «Հրապարակ»

Այս խորագրի վերջին նյութերը