Մեկնաբանություն

02.12.2021 11:42


Հոտած «կկվի» ու նրա բնի մասին

Հոտած «կկվի» ու նրա բնի մասին

Նիկոլ Փաշինյանը ձախողված ղեկավար է, բայց փորձում է ձախողված ներկայացնել այն պետությունը, որի վարչապետ է աշխատում ինքը։

Նիկոլի վերջին ֆեյսբուքյան ասուլիսում հնչեցին մտքեր, որոնց մեջ կարմիր թելով անցնում էր այն կոդը, որ Հայաստանը ձախողված պետություն է, որն իրեն ժառանգություն է մնացել նախկիններից և ահա ինքը ոչինչ չէր կարող անել։

Նիկոլը «հոտած» է, բայց փորձում է այն բույնը հոտած ներկայացնել, որին 2018–ին տիրացել է։

Իրականությունն այն է, որ Նիկոլն է պատճառը պատերազմի ու պարտության։ Բանակցային գործընթացն իրարամերժ հայտարարություններով ու քաղաքականությամբ փակուղի մտցնելով՝ նա կանխորոշեց դեպքերի հետագա ընթացքը։ Հիմա նիկոլենք փորձում են ամեն ինչ բարդել բանակի վրա, բայց դա մանիպուլյացիա է։

Բանակում, այո՛, խնդիրներ եղել են ու կան։ Բայց բանակում խնդիրները հատկապես խորացան Նիկոլի՛ վարչապետ դառնալուց հետո։ Բանակը զարմանալիորեն ապառազմականացվեց, կատարվեցին տարօրինակ կադրային շարժեր և դռները բացվեցին թշնամու առաջ։

Նիկոլը պատերազմի մեջ գտնվող երկրում 3 տարվա մեջ պաշտպանության 4 նախարար է նշանակել՝ մեկը մյուսից վատը։ Վերջին ակորդը «ասֆալտի օլիգարխ» և բանակում ծառայելիս հանցագործությամբ աչքի ընկած Պապիկյան Սուրենին պաշտպանության նախարար նշանակելն էր։ Ասել է թե՝ Նիկոլը շարունակում է բանակը քանդելու գործը, որը նա սկսել էր 2018–ի մայիսի 8–ից, շարունակեց պատերազմի օրերին ու հիմա չի դադարեցնում այն։

Վերադառնելով Նիկոլի ֆեյսբուքյան ասուլիսին՝ նկատենք, որ նա առաջ էր տանում իր քարոզչաթիմի ու զոմբիների սիրած այն թեզը, թե բա խեղճ հարիֆս ի՞նչ կարող էի անել, Արցախի խնդիրը գրպանս գցեցին ու ես մնացի ծանր ժառանգության տակ։ Ասում է՝ միգուցե պետք էր անկեղծ լինել ու հայտարարել, որ 30 տարվա արցախյան պայքարն անիմաստ է եղել, այսինքն՝ միևնույն է պետք է տայինք։ Ու սա ասվում է Սյունիքին վերաբերող հարցին պատասխանելու շրջանակներում։ Տողատակում ակնկարկն այն է, որ Սյունիքի միջանցքն էլ պետք է տանք, քանզի «6 գյուղում 250 ընտանիք է ապրում»։

Նիկոլը Սյունիքի վրա էլ է կարում Շուշիի մասով իր կիրառած ձևակերպումը՝ «Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»։

Իր պարտություններն ու ձախողումները Նիկոլը կարում է Հայաստանի վրա, քանզի չի ուզում ընդունել, որ ոչ թե բույնն է հոտած, այլ՝ «կկուն»։ Ու այդ «կկվի» կանչը մինչև չկտրվի, Հայաստանի «կկուն» է կանչելու։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը