Քաղաքական

02.12.2021 08:51


Իշխանությունը փորձում է յուրացնել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Ռոբերտ Հայրապետյան

Իշխանությունը փորձում է յուրացնել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Ռոբերտ Հայրապետյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է Ազգային ժողովի կանոնակարգի 138-րդ հոդվածում փոփոխություն կատարելու նախագիծ, ըստ որի իրավասու խմբակցությունը մեկ անգամ կարող է ներկայացնել թեկնածուի:

«Եթե «Հայաստան» խմբակցությունը չի առաջադրում այլ թեկնածուի կամ չի առաջադրում ոչ ոքի, ապա Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի քվոտան անցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Այսպիսով՝ փոփոխության հաստատումից հետո «Հայաստան» խմբակցությունն այլևս չի կարողանա անընդհատ առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Դոնթի բանաձևի հիման վրա կատարված հաշվարկով այս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությանը, և այս ակնհայտ հակասահմանադրական գործընթացով իշխանությունը փորձում է յուրացնել այս պաշտոնը»,-նշեց նա:

Հայրապետյանի խոսքով՝ օրենքի ընդունման դեպքում «Հայաստան» դաշինքն այն կվիճարկի Սահմանադրական դատարանում:

«Չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանը կարող է ասել, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։ Սա լուրջ միջամտություն է խմբակցության՝ որոշում ներկայացնելու իրավունքին, ինչը որևէ խմբակցություն իրավունք չունի անել: Այս բոլոր կետերն ամբողջությամբ ներկայացվելու են սահմանադրական դատարանին՝ որպես քննության առարկա»,-ընդգծեց Ռոբերտ Հայրապետյանը։

Այս խորագրի վերջին նյութերը