Մեկնաբանություն

30.11.2021 10:33


Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ծնված փաստաթղթից հայտնի դարձավ, որ Ալիևը գերիներին չի վերադարձնելու, ՀՀ տարածքից իր զորքերը դուրս չի բերելու։ Ալիևը զրո պարտավորություն ստանձնեց ու ստացավ սահմանները դելիմիտացնելու կամ արդեն իսկ փաստացի դելիմիտացված տարածքները՝ մասնավորապես Սյունիքի մարզում, դե յուրե ամրագրելու հնարավորություն։

Փաշինյան Նիկոլը Հայաստանի համար ոչինչ չբերեց։ Ու չէր էլ կարող, քանզի Ալիևին վիզը ծուռ նայող (նիկոլական քարոզչամեքենան ոչխար–զոմբիների համար այդ նայվածքը ներկայացնում էր որպես հաղթական) Նիկոլը պարտված է «էն գլխից»։

Թե ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը՝ գրավոր ձևով, հայտնի է, բայց հայտնի չէ նրանց «բանավոր փոխըմբռնման» բովանդակությունը։ Ինչպես կյանքն է ցույց տվել, դրանք շատ ավելի ճակատագրական են դառնում մեզ համար (նոյեմբերի 9–ից հետո Նիկոլը «բանավոր փոխըմբռնմամբ» և տխրահռչակ Վաղարշակ Հարությունյանի ձեռքերով հանձնեց Գորիս–Կապան մայրուղու 21–կիլոմետրանոց հատվածը)։ Իսկ այն, որ նման «բանավոր փոխըմբռնում» կա, կասկած չկա։

Նիկոլն ինքը Սոչիում հայտարարեց, որ եթե մինչև Ալիևի հետ խոսելը կարծում էր, որ բազմաթիվ հարցերում տարաձայնություններ կան, ապա բանակցություններից պարզ դարձավ, որ գրեթե բոլոր հարցերում կա լիակատար փոխըմբռնում Ադրբեջանի հետ։ Նիկոլը փակագծերը չբացեց ու չասեց, թե այդ ո՞ր հարցում կա լիակատար փոխըմբռնում։

Փոխարենը փակագծերը բացեց Ալիևը։ Նա Աշխաբադում հայտարարել է, որ Սոչիում ինքը վերջապես լուծել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»,–ասել է Ալիևը՝ Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովին։

Նիկոլենք, իրենց քարոզիչների ու հաճախորդների բերանով շարունակում են պնդել, որ միջանցքային տրամաբանություն չկա և իրենք պարզապես ճանապարհ են տալիս թուրքերին ու ադրբեջանցիներին։ Սակայն, հաշվի առնելով անցյալի դառը փորձը, կարող ենք առնվազն կասկածի տակ դնել նիկոլենց պնդումները։ Քանզի պատերազմի 44 օրերին նրանք անընդհատ ու ամեն օր ստում էին։

Ջաբրայիլն ընկել էր, արծրունները պնդում էին, թե այդպիսի բան չկա։ Հետո ընկավ Հադրութը, ասում էին՝ ադրբեջանցիք ստում են։ Ալիևը գրեթե ամեն օր խոսում էր գրաված գյուղերի մասին, նիկոլենք հեքիաթներ էին պատմում Գետաշենն ազատագրելու մասին։ Շուշին նոյեմբերի 5–6–ից արդեն թուրքի ձեռքում էր, իսկ Նիկոլը նոյեմբերի 9–ին՝ կապիտուլյացիան ստորագրելուց ժամեր առաջ, ստում էր, թե բա Շուշիի համար մարտերը շարունակվում են։

Այսքանից հետո ո՞ւմ հավատալ միջանցքի թեմայով։ Հարցը հռետորական է։ Հատկապես երբ Նիկոլը Սոչի մեկնելուց առաջ տողատակերով հիմնավորում էր, որ Սյունիքի միջանցքը պետք է տալ, քանզի «30 տարի բան չի արվել» (250 բնակիչով Սյունիքի գյուղերի մասին Նիկոլի ներկայացրած սրտաճմլիկ ու դեմագոգիկ պատմությունը «Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին» ոճի մեջ էր)։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը