Մեկնաբանություն

29.11.2021 17:33


Ով ինչ էր ուզում և ինչ ստացավ Սոչիում

Ով ինչ էր ուզում և ինչ ստացավ Սոչիում

Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կարող է լինել զարգացումների երկու տարբերակ՝ վատ կամ շատ վատ։ Այլ բան սպասելն առնվազն միամտություն է։ Պատճառները երկուսն են՝

1․Հայաստանը պարտվել է 44–օրյա պատերազմում և թուլացրել իր բոլոր դիրքային առավելությունները։ Ալիևն օգտվեց Նիկոլի սխալներից՝ նախ պատերազմ սկսելով, ապա հաղթելով այդ պատերազմում։ Հիմա Ադրբեջանը հաղթողի դիրքերից սեղմում է Հայաստանին, ինչն, ի դեպ, Ադրբեջանի հանդեպ չէր անում պաշտոնական Երևանը 1994–ին,

2.Հայաստանը պարտությունից հետո շարունակում է աշխարհին ներկայանալ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանով։ Ալիևը պարբերաբար նվաստացնում է նրան ու պատասխան չի ստանում։ Ինչպե՞ս կարելի է նման դեպքում ակնկալել, որ Հայաստանը կարող է արժանապատիվ բանակցություն վարել ու խաղաղություն բերել։

Սոչի մեկնելուց առաջ Նիկոլը պարտվողականության անոնս արեց, գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանը չի կարող անկախ պետություն լինել, էժանագին ձևով ներկա խնդիրները բարդեց «30 տարվա» վրա ու վերջ։ Նա Սոչի էր մեկնել արդեն պարտված, և ինչպես ցույց տվեց ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի համատեղ ստորագրությամբ փաստաթուղթը, պարտությունը շարունակական է լինելու։

Ինչ ստացվեց Սոչիում

Սոչիում տեղի ունեցած բանակցությունները եռակողմ էին։ Բացի ընդհանրություններից, որոնք արձանագրվեցին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումներում (խոսքը դելիմիտացիայի, դեմարկացիայի ու կոմունիկացիաների բացման մասին էր), ամեն մեկն ուներ իր շահը և իր ուզածին հասնելու համար էր եկել Ռուսաստան։

Ռուսաստանը

ՌԴ նախագահ Պուտինի համար կարևոր է կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, իր միջնորդական առաքելության մանդատի շարունակականությունը, հայ–ադրբեջանական սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան ու տրանսպորտային ուղիների բացումը։ Զուգահեռաբար՝ Արցախում իր զորքերի ներկայության ապահովումը։

Նոյեմբերի 26–ի փաստաթղթով ՌԴ–ն գրեթե ստացավ իր ամբողջ ուզածը։ Միակ կետը, որը հարցականի տակ է՝ կրակի դադարն է։ Որևէ մեկը երաշխիք չունի, որ բախումներ չեն լինի։

ՌԴ–ին պետք է խաղաղություն և իր արբիտրի դերակատարման պահպանում։ Թե որքանով այս ամենը կիրականանա, դժվար է ասել։ Համենայնդեպս նոյեմբերի 9–ի ու հունվարի 11–ի «թղթերը» խաղաղություն չեն բերել։ Ադրբեջանն օգտվում է իրավիճակից ու Նիկոլի ատամները հաշվելով գրավում Հայաստանի սահմանները։

Ադրբեջանը

Ալիևը Հայաստանի հետ խաղաղ ապրելու համար ունի նախապայմաններ՝ «Զանգեզուրի միջանցք» և «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչել»։ Այս նախապայմանները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, ինչը չի հասկանում կամ չի ուզում հասկանալ այս թեմայով հարցեր բարձրաձայնող Նիկոլ Փաշինյանը։

Սոչիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ալիևը զրո պարտավորություններ ստանձնեց։ Մնացածը կորոշվի ուժերի բալանսով։

Հայաստանը

Նիկոլ Փաշինյանը, ինչպես վերևում նշվեց, Սոչի էր մեկնել պարտված։ Նա ոչ մի խնդիր չկարողացավ լուծել։ Չլուծվեց գերիների հարցը, չլուծվեց ՀՀ սահմաններից ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը։ Արցախի խնդրի մասով էլ զրո արձանագրում եղավ փաստաթղթում։ Ասել է թե՝ Նիկոլին պարզապես կողմերը քարշ են տալիս, ձևականորեն նստեցնում կողքերը և լուծում իրենց խդիրները։ Այս տարվա նոյեմբերի 9–ին նա հրաժարվեց եռակողմ հանդիպումից՝ մեր զինվորների կյանքի, առողջության ու գերի ընկնելու գնով, գումարած՝ հայկական դիրքերի զիջումը Սյունիքում։

ՀՀ–ն հիմա գոյատևում է բացառապես ռուսական կարմիր գծերի արդյունքում։ Ըստ այդ կարմիր գծերի՝ Արցախում պետք է հայեր լինեն, որպեսզի ռուսական խաղաղապահների ներկայությունը լեգիտիմ լինի։ Բացի այդ՝ հայկական պետություն պետք է լինի, որպեսզի թուրքական աշխարհը չսպառնա ՌԴ հարավին։

Ի դեպ, ՀՀ տարածքային ամբողջականությանը կողմ է ու «Զանգեզուրի միջանցքին» դեմ ոչ միայն ՌԴ–ն, այլ նաև Իրանը, և այդ բալանսն է առայժմ քարտեզի վրա պահում ՀՀ–ին, թե չէ նիկոլական քաղաքականությամբ հիմա Հայաստանն էլ չէր լինի։

Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանն աշխարհին ներկայացնել նոր դեմքով, նոր բանակցողով։ Նիկոլը խոստացել է «Խաղաղության դարաշրջան», բայց ապահովել բացառապես կռիվ, զոհեր, գերիներ ու պարտություն։ Նիկոլի հեռացումը, հետևաբար, ազգային անվտանգության ապահովման գլխավոր նախապայմանն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը