Մեկնաբանություն

11.07.2011 15:26


Հերթական գիշերային որոշումը կամ «երկխոսական» դավադրություն

Հերթական գիշերային որոշումը կամ «երկխոսական» դավադրություն

Սերժ Սարգսյանի որոշումը՝ կոալիցիոն ուժերի երկուական ներկայացուցիչների մասնակցությամբ «երկխոսել» ՀԱԿ–ի հետ, ըստ լավատեղյակների, անակնկալ է եղել ոչ միայն «միաբանների» երկխոսիս գլուխ առաջնորդի, այլ նաև ՀՀԿ–ականների ու իշխանական կոալիցիան ներկայացնող լայն շրջանակների համար։

Դատելով ընթացիկ իրավիճակից՝ Կոնգրեսում մտահոգված էին ամառային սեզոնն անցկացնելու խնդրով և իրենք էլ չգիտեին, թե ինչ էին խոսելու օգոստոսի հանրահավաքին, բայց Սարգսյանը փրկօղակ նետեց Լևոն Տեր–Պետրոսյանին ու հանրահավաքային դեմագոգիայի թեմա տվեց նրան։

Պարզ է, որ Սարգսյանը մտահոգված է բացառապես իր աթոռը պահելու խնդրով և որքան էլ կոնգրեսականները հլու–հնազանդ «էջմիածնական միաբանի» պես են իրենց պահում, այնուհանդերձ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը խնդիր չուներ նրանց վերակենդանացնելու։ Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ ու Սարգսյանը որոշեց պատվիրակություն կազմել ու չսպասելով, ասենք, մինչև սեպտեմբեր՝ «երկխոսության» գործընթաց նախաձեռնեց։

Այս ամենը «ֆուտբոլային» դիվանագիտության փուլից մեզ հայտնի գիշերային որոշման պես մի բան է հիշեցնում։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կարող է Ղարաբաղի հարցում գնալ զիջումների և ՀԱԿ–ի հետ «երկխոսությունն» իրեն անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը ՀՀ անվտանգությանն առնչվող այդ կարևորագույն թեմայից շեղելու համար։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այս «երկխոսական» շտապողականությունը, որով աչքի ընկավ Սարգսյանը՝ հընթացս «քաշելով» իր կուսակիցներին, ովքեր ՀԱԿ–ին արդեն «Օջախ» էին տանում ու «մաչիտ» անում «պո պոլնոյ պռոգռամե»։

Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է «նախաձեռնողական» դառնալ նաև Ղարաբաղի հարցում, ու հիմա, ինչպես հայ–թուրքականի փուլում, ՀԱԿ–ն օգտագործվելու է, իսկ Տեր–Պետրոսյանին վերապահված է լինելու Հայաստանի կողմից միակողմանի զիջումների գնալու անհրաժեշտության «փողոցային» աջակցությունն ապահովելու գործը, ինչի շուրջ էլ, փաստացի, «երկխոսելու» են Կոնգրեսն ու իշխանությունը, իսկ արտահերթ ընտրություններին վերաբերող «արմատականների» պահանջը շղարշի դեր է կատարելու այդ հակահայկական դավադրության գործում։

Այդպես է դա, թե ոչ՝ ցույց կտան առաջիկա օրերը, երբ հայկական կողմը կպատասխանի ՌԴ նախագահ Մեդվեդևի ուղերձին, որը վերջերս Երևանին ու Բաքվին ներկայացրեց Լավրովը։

Մեզ մնում է միայն ուշադիր հետևել ներքին ու արտաքին քաղաքական իրադարձություններին և կոչ անել «երկխոսական» դավադրությունից դուրս գտնվող բոլոր սուբյեկտներին համախմբել ուժերը և պատրատ լինել ֆորս–մաժորային զարգացումների։ Շաբաթն ուրբաթից կարող է ավելի շուտ գալ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը