Մեկնաբանություն

26.11.2021 15:37


Նիկոլի օրոք ամենուրեք «Հաղթելու ենք» վիճակ է․ 19-0 պարտություն

Նիկոլի օրոք ամենուրեք «Հաղթելու ենք» վիճակ է․ 19-0 պարտություն

Գիշերվանից Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը զայրույթի, քննադատության, հումորի առարկա է դարձել։ Մեզ վրա ծիծաղում են ամբողջ ֆուտբոլային աշխարհում։

Բանն այն է, որ մեր աղջիկները պարտվել են Բելգիայի հավաքականին։ Պարտվելն ամոթ չէր լինի, եթե այն չլիներ 19-0 հաշվով։ Դա նույնիսկ հոկեյական հաշիվ չէ։ Դա համարյա բասկետբոլային հաշվի պես մի բան է։

Մեկ էլ բակային ֆուտբոլի ժամանակ կարող է նման հաշիվ գրանցվել, այն էլ երբ 10–րդ դասարանցիները խաղան 5–րդ դասարանցիների հետ։

Խաղը չեմ դիտել, բայց այն ակնհայտորեն 25+ լսարանի համար է եղել։ Դատելով ամենից՝ մեր աղջիկների գործը եղել է ամեն մի «կերած» գոլից հետո գնդակը դարպասից հանելն ու կենտրոն հասցնելը, որից հետո արդեն «պոռնո» է եղել։

Թվում է, թե այս թեմային նույնիսկ չարժեր անդրադառնալ քաղաքական թեմաներով մասնագիտացած «7 օրում», սակայն դա միայն առաջին հայացքից։ Սա մաքուր քաղաքական թեմա է։ Մերոնց խայտառակ պարտությունը ցույց է տալիս, որ նիկոլիզմը տարածվել է հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա։ Ամենուրեք խայտառակություն է, ամենուրեք խոշոր հաշվով պարտություններ և հեռանկարի բացակայություն։

Նիկոլն իր արծրունական «Հաղթելու ենք»–ը մտցրել է մեր երկրի բոլոր տեղերը և պարտությունը դարձրել կենսակերպ։ «Պետք է թշնամուն հաղթել՝ պարտվելով նրան» ձևակերպումով Նիկոլը տվել է հայ ժողովրդի կոդը՝ պարտվել, պարտվել մինչև վերջ։ Ու սրա հետ որոշ մարդիկ սկսել են համակերպվել։

Նիկոլն ասում է 30 տարի անիմաստ ենք զրկանքներ կրել հանուն Արցախի։ Դրանից հետո արդեն գալիս է՝ իզուր ենք հանուն Հայաստանի բանակ ստեղծել, սահման պահել, միևնույն է դա թուրքին է տրվելու։

Նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հենց այնպես չէր ասում, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Դա իրենց մտածելակերպն է։ Իրենք մեր երկիրը ոչնչացնում են ու դրա համար են անիմաստ համարում զոհերը, զրկանքները՝ «Միևնույն է տալու ենք» թեմայով։

Մեր ժողովրդին արդեն սովորեցնում են պարտության։ Խայտառակ պարտության։ Մի քիչ էլ ու այդ սովորությունը կարմատավորվի ամբողջությամբ և վերջնականորեն։

Նիկոլ և արյուն, Նիկոլ և պարտություն բառերն այլևս հոմանիշներ են։ Ու որպեսզի Նիկոլն ու Հայաստանն էլ հոմանիշներ չդառնան, մեզ պետք են իրական հաղթանակներ, որից առաջինը պետք է լինի Նիկոլին վռնդելը։ Մինչև դա չարվի, Հայաստանը «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պարտությունը պարտության հետևից է գրանցելու։ Հիմիկվա պես։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Երբ Նիկոլ Փաշինյանը զավթում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու դրա ղեկավար նշանակում թրքամետ քարոզով զբաղվող կայքի խմբագիր Արմեն Մելիքբեկյանին, ճոռոմ–ճոռոմ խոսում էին, թե բա հեսա տեսեք, թե ինչ լավ բաներ ենք անելու։ Մի խոսքով՝ «Ապագա կա ապագա» էին խոստանում ֆուտբոլում։ Մի պահ ոմանք հավատացել էին դրան, քանզի հանգամանքների բերումով տղաների հավաքականը խմբային փուլում հայտնվել էր 1–ին տեղում։ Բայց դա կարճ տևեց։

Նիկոլական խայտառակությունը դրսևորվեց բոլոր առումներով։ Տղաներն ու աղջիկները սկսեցին խոշորագույն հաշիվներով պարտվել։

Զարմանալին այն էր, որ մի ժամանակ, երբ մերոնք պարտվում էին (ոչ այսպիսի հաշիվներով, իհարկե), արմենմելիքբեկյաններն ու նիկոլները, «քաղաքացիականներն» ու պայքարիստները գոռում էին «Նեմեց, հեռացի՛ր»։ Հիմա նման բաներ չեն արվում։ Դա նշանակում է, որ այդ զանգվածը կամ նախկինում փողի դիմաց պատվեր էր կատարում ու քանի որ հիմա փող տվող չկա, բերանները ջուր են հավաքել, կամ էլ համակերպվել են պարտության հետ ու համերաշխ ապրում են՝ խայտառակության ուղեկցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը