Քաղաքական

26.11.2021 14:50


Մինչև 600 դոլար գումար է բաժանվել Արտաշատի ՔՊ-ական թեկնածուի կողմից

Մինչև 600 դոլար գումար է բաժանվել Արտաշատի ՔՊ-ական թեկնածուի կողմից

Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին հաղթելու նվազ շանսեր ունի․ սա բնակիչների համոզմունքն է, ու չի բացառվում, որ Սյունիքում իշխանության ստացած ծանր պարտության ապտակը այս անգամ էլ կրկնվի Արարատի մարզում: Թերևս դա է պատճառը, որ Փաշինյանի «դաբրոյով» ՔՊ-ական թեկնածուները համատարած անցել են «մարդկանց փողով առնելու» հանցավոր մեթոդին: Օրեր առաջ Մասիսում առաջադրված «Դավիթ Համբարձումյան» ընդդիմադիր դաշինքը ահազանգել էր Դավիթ Համբարձումյանի մրցակից իշխանական թեկնածուի համար Արբաթում և Գեղանիստ համայնքում բաժանվող փողերի մասին:

Ըստ հայտարարության՝ իշխանությունները սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն են տրամադրում Մասիսի գյուղերի բնակիչներին, ընդ որում՝ հենց այդ համայնքի ղեկավարների կողմից, որոնք ընդգրկված են «ՔՊ» ավագանու ցուցակում։

Իրավապահներից ու ԿԸՀ-ից արձագանքներ, բնականաբար, չեղան, Ոստիկանության չզսպող քայլերի հետևանքը երեկ նոր գումարներ բաշխելու պայմաններ ստեղծեց: Նախօրեին Արտաշատում «ՔՊ»-ական քաղաքապետի թեկնածուն Կառլեն Մկրտչյանն է բաժանել մինչև 600 դոլար՝ իր ենթականերին՝ պրեմիայի անվան տակ:

Ընդհանուր առմամբ, շուրջ 11 միլիոն դրամի պարգևավճար է ՏԻՄ ընտրություներից առաջ բյուջեի հաշվին նվիրել մարդկանց ՔՊ-ական թեկնածուն: Նա է գլխավորում Արտաշատում «ՔՊ» ավագանու ցուցակը․ իսկ եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը օրեր առաջ է նշանակվել այս կոլեկտիվի ղեկավար, ապա միանգամայն պարզ է դառնում, որ նա պարգևատրել է ոչ թե մարդկանց աշխատանքի կատարողականը գնահտելու համար, այլև սիրաշահելու։

Սա ոչ այլ ինչ է, քան՝ պարգևավճարներով ենթականերին կաշառելու և հետևաբար՝ իր օգտին ընտրություններին աշխատելու անուղղակի հրահանգ:

Yerevan.Today-ն ուսումնասիրեց Արտաշատի քաղաքապետի ժ/պ Կառլեն Մկրտչյանի ստորագրած հրամանը՝ 10 միլիոն 800 հազար դրամի չափով Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցներից մի քանիսին պարգևավճար բաշխելու մասին (Նոյեմբերի 24-ի՝ 1186-Ա որոշում):

No description available.

Ընդգծենք, այսօր Սյունիքում համայնքապետերի մեծ մասի նկատմամբ հենց այս հոդվածով են քրգործեր հարուցված, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր տեղակալ Մենուա Հովսեփյանի հետ կալանավորված է, և սա այն դեպքում, երբ նրանք համայնքային բյուջեիով շատ ավելի նվազ գումարներ էին ստիպված բաշխել և ոչ թե իրենց աշխատակիցներին, այլ Շուռնուխի այն բնակիչներին, որոնք Նիկոլ Փաշինյանի բանավոր հրահանգով թշնամուն թողեցին իրենց տներն ու ապրուստը:

Հիշեցնենք, ավելի վաղ նույն ՔՊ-ական մեկ այլ թեկնածուի համար Վեդիում էր մարզային իշխանությունը դպրոցի տնօրենին բռնաճնշումների ենթարկել։

Վեդու խոշորացված համայնքում առաջադրված ՔՊ-ական կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին մերժել էր օգնել Գոռավան գյուղի դպրոցի տնօրեն Գառնիկ Աթոյանը, իսկ այդ հրահանգն իջեցվել էր Արարատի փոխմարզպետ Նազարեթյանից, ով, ի դեպ, կոկորդիլոսագետ Գարիկի բաջանաղն է: Կոկորդիլոսագետ Գարիկին չաջակցելու համար Գոռավանի դպրոցի տնօրենի ծանր պատիժը նրա աղմկահարույց պաշտոնանկությունը եղավ, և չնայած բոլոր հիմնավոր փաստարկներին՝ այս քրեական հանցագործության հետքերով ոստիկանությունը չգնաց, մինչ օրս Գլխավոր դատախազությունն ընթացք չի տվել դրան:

Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին նախատեսված են ընտրություններ նաև Արարատի մարզի 4 քաղաքներում՝ Մասիսում, Արտաշատում, Վեդիում և Արարատում, որոնք խոշորացվել են մինչև 37 միացած գյուղերով:

Այս խորագրի վերջին նյութերը