Քաղաքական

26.11.2021 14:33


Կառավարությունը 5-օրյա ժամկետում տեղեկություն պետք է տրամադրի ՍԴ-ին. դատավոր Պետրոսյանի միջնորդությունը բավարարվեց

Կառավարությունը 5-օրյա ժամկետում տեղեկություն պետք է տրամադրի ՍԴ-ին. դատավոր Պետրոսյանի միջնորդությունը բավարարվեց

Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, Առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին հրամանի սահմանադրականության գործով քննությանը ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում ՍԴ-ին տրամադրել ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ.-ի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված աշխատող անձանց կողմից հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։

Կողմերը առարկություններ չունեին միջնորդության վերաբերյալ։ Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը բավարարվեց։

Գործով զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ նշեց, որ եթե իրավական հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն է հայցվում, նաև պետք է նշվի այն իրավական ակտը, որը նախատեսում է ուղղակիորեն հետևանք կամ պատասխանատվություն համապատասխան վարքագծից չշեղվելու համար։

Արևիկ Պետրոսյանն արձագանքեց՝ Շաթիրյանը պատասխանատու հայտարարություն է անում. «Եթե պարոն Շաթիրյանը որպես գործով զեկուցող կատարում է այդ հայտարարությունը, որ նախարարի հրամանը հետևանք չի առաջացնում, դա մեկ իրավիճակ է։ Դա որոշակի պատասխանատու հայտարարություն է, որը դուք հիմա կատարում եք և հրապարակային դատաքննության ընթացքում եք կատարում։ Եթե դուք այն համոզմանն եք, որ նախարարի կողմից սահմանված պահանջները իրավական հետևանք չի առաջացնում, դա մի հանգամանք է»։

Շաթիրյան ասաց, որ իր հայտարարությամբ դա նկատի չի ունեցել. «Եթե ենթադրյալ իրավական հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն ենք հայցում, մենք պետք է նաև հղում կատարենք այդ իրավական հետևանքները կամ պատասխանատվությունը նախատեսող իրավական նորմերին»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նկատեց, որ կառավարությունը պարտավոր է այդ տեղեկություններն ունենալ, հետևաբար Սահմանադրական դատարանին դրանց տրամադրումը կարող է լինել նաև երկօրյա կամ եռօրյա ժամկետում, մինչդեռ պատասխանող կողմի ներկայացուցիչը խնդրեց պահպանել հնգօրյա ժամկետի պահանջը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը