Աշխարհ

26.11.2021 19:08


Հին չինական մշակույթը կլիմայական աղետի պատճառով է անհետացել․ գիտնականներ

Հին չինական մշակույթը կլիմայական աղետի պատճառով է անհետացել․ գիտնականներ

Հին նեոլիթյան Լյանչժու մշակույթը, որի կենտրոնը եղել է Չինաստանի Յանցզի գետի դելտայում, կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած աղետալի ջրհեղեղների պատճառով է անհետացել: Այսպիսի եզրակացության է հանգել Ավստրիայի Ինսբրուքի համալսարանի Քրիստոֆ Շպետլի խումբը, որը համապատասխան հոդված է հրապարակել Science Advances ամսագրում, փոխանցում է «ГазетаРу»-ն։

Լյանչժու մշակույթը կոչվում է նաև քարե դարի չինական Վենետիկ։ Պեղումները ցույց են տվել, որ նրա ներկայացուցիչները կառուցել են ընդարձակ ոռոգման ջրանցքներ, զբաղվել են բրնձի մշակմամբ և այլ ջրային կուլտուրաների աճեցմամբ: Մարդկության քաղաքակրթության պատմության մեջ սա ջրային ենթակառուցվածքների վրա հիմնված բարձր զարգացած համայնքների ամենավաղ օրինակներից է, սակայն մետաղի մշակումը դեռ հասանելի չի եղել նրանց համար: Լյանչժու մշակույթից Չինաստանի խոշոր հիդրոտեխնիկական կառույցներից ամենահներն են մնացել: Տները կառուցվել են ցցերի վրա, ընդ որում դրանք շարել են ափերի երկայնքով։ Միաժամանակ բնակիչները թիանավերով են տեղաշարժվել։ Նավարկելի ջրանցքներով, ամբարտակներով և ջրամբարների բարդ համակարգով քաղաք-ամրոցի ավերակները Շանհայից մոտ 160 կմ դեպի հարավ-արևմուտք են հայտնաբերվել։ 5300 տարի առաջ առաջացած այս շատ զարգացած մշակույթը իր գագաթնակետին է հասել երեք դար անց, իսկ հետո հանկարծ անհետացել է:

«Պահպանված ավերակների վրա կավի բարակ շերտ է հայտնաբերվել, ինչը վկայում է այս զարգացած քաղաքակրթության անհետացման և Յանցզի գետի կամ Արևելաչինական ծովի ջրհեղեղների միջև հնարավոր կապի մասին: Միևնույն ժամանակ, չի գտնվել որևէ ապացույց, որ քաղաքակրթությունն անհետացել է որևէ ռազմական հակամարտության պատճառով»,-բացատրում է Քրիստոֆ Շպետլը:

Այս վարկածը ստուգելու համար գիտնականներն ուսումնասիրել են նույն տարածաշրջանի քարանձավները և վերլուծել բնական նստվածքները, որոնք կարող են որպես մի տեսակ կլիմայական արխիվներ ծառայել: Սա հնարավորություն է տվել վերակառուցել այս տարածաշրջանի կլիմայական առանձնահատկությունները՝ մինչև մի քանի հարյուր հազար տարի առաջ: Երկրաբան Հեյվեյ Չժանը, ով 2017 թվականն անցկացրել է Ավստրիայի Ինսբրուքի համալսարանում՝ որպես հրավիրված հետազոտող, ուսումնասիրել է պեղումների վայրից հարավ-արևմուտք գտնվող երկու քարանձավների ստալագմիական նմուշները: Նստվածքները թվագրվել են իզոտոպային մեթոդներով՝ ըստ ուրանի և թորիումի հարաբերակցության։ Պարզվել է, որ 4345-4324 թվականներին եղել է չափազանց հորդառատ մուսոնային անձրևների ժամանակաշրջան, որոնք, ամենայն հավանականությամբ, հանգեցրել են աղետալի ջրհեղեղների։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը