Աշխարհ

24.11.2021 21:18


Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. Բորդյուժա

Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. Բորդյուժա

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր լուծված համարել չի կարելի, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ԽՍՀՄ-ի չավարտվող փլուզման շարունակությունն է։ Սկզբունքորեն, ՀԱՊԿ–ը կարող է չեզոքացնել հետխորհրդային տարածքում և՛ այդ, և՛ մյուս հակամարտությունները, կազմակերպությունն ունի ցանկացած իրավիճակի վրա ուժով ազդելու բոլոր գործիքները։

«Սակայն այդ գործիքները չի կարելի կիրառել. չի կարելի, օրինակ, Ադրբեջանի դեմ օգտագործել ՀՀ (և այլ պետությունների) դաշնակից Ռուսաստանի զորքերը։ Պարզապես չեմ պատկերացնում` ինչպես է դա հնարավոր։ Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մտնում են ԱՊՀ կազմի մեջ։ Նշանակում է` պետք է լուծման խաղաղ ուղիներ փնտրել»,–ասել է Բորդյուժան։

Ըստ նրա` խնդրից դիվանագիտական ելք է փորձում գտնել Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ–ում համակարգ ստեղծող երկիր։ Այդ իսկ պատճառով և՛ ՌԴ նախագահը, և՛ երկրի ԱԳՆ–ն արտակարգ միջոցներ են ձեռնարկում`Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ պատերազմ թույլ չտալու համար։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, չեմ կարծում, թե այնտեղ ամեն ինչ ավարտվել է։ Նախ, որովհետև չի որոշվել ԼՂ կարգավիճակը` փոխադարձ համաձայնությամբ, և այնտեղ դեռ վեճեր կլինեն։ Տա աստված, որ այդ վեճերը խաղաղ անցնեն»,–ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, Բորդյուժայի խոսքով, անթույլատրելի է. «չէ՞ որ սահմանային խնդիրների լուծման քաղաքակիրթ ձևեր կան։ Եվ ինչո՞ւ է պետք կրակել, եթե կարելի է աշխատանքային խմբեր ստեղծել, արխիվներից քարտեզներ հանել. այդպես է արվում ամբողջ աշխարհում, և Խորհրդային Միության նախկին տարածքում ամեն ինչ հենց այդպես է տեղի ունեցել։ Ռուսաստանը Ղազախստանի հետ, Ղազախստանն Ուզբեկստանի հետ. այժմ ճիշտ է դժվարություններով, բայց գործընթաց է տեղի ունենում Ղրղզստանի և Տաջիկստանի միջև»։

Նիկոլայ Բորդյուժան համոզմունք է հայտնել, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերել. պատմության մեջ ոչ մի սահմանային վեճ ուժի միջոցով չի լուծվել։ Ռուսաստանի միջնորդական ջանքերն էլ դրական արդյունքի կհանգեցնեն։

Այս խորագրի վերջին նյութերը