Քաղաքական

24.11.2021 13:05


Բժշկուհուն աշխատանքից հեռացրել են՝ ՔՊ-ական թեկնածուի՝ գետնին ընկած բուկլետի նկարը Ֆեյսբուքում լայքելու պատճառով

Բժշկուհուն աշխատանքից հեռացրել են՝ ՔՊ-ական թեկնածուի՝ գետնին ընկած բուկլետի նկարը Ֆեյսբուքում լայքելու պատճառով

Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 Պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Սյուզաննա Բալայանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։

Նրա ազգականի պնդմամբ՝ Ս․ Բալայանին աշխատանքից հեռացնելու պատճառը քաղաքական է։

«Վանաձորում բլոգեր կա, աղբի թեմաներով համացանցում հրապարակումներ է անում, որպեսզի աղբ չթափեն, մաքուր պահեն միջավայրը և այլն։ Նա մի հրապարակում է արել, որտեղ գործող մարզպետի, որն այժմ Վանաձորի քաղաքապետի թեկնածու է, նախընտրական բուկլետն ընկած է եղել գետնին, բլոգերը դա նկարում է և գրում է՝ աղբի տեղն աղբամանում է։ Այս հրապարակման տակ Թիվ 1 պոլիկլինիկայի բժշկուհիներից մեկը, ով հետևում է բլոգերի գրառումներին, այդ հրապարակումը հավանում է։ Դրանից հետո մարզպետարանից կանչում են գլխավոր բժշկուհուն ու ասում են՝ «լայք» դնող աշխատակցին աշխատանքից հեռացրու։ Գլխավոր բժիշկն էլ ասում է՝ ես մարդուն ինչպե՞ս աշխատանքից հեռացնեմ, հիմք չկա նրան հեռացնելու։ Գրառումը հավանող բժիշկն ասել է, որ որևէ հետին միտք չի ունեցել, ուղղակի զուտ մաքուր միջավայրի նկատառումներից ելնելով է գրառումը հավանել։ Մարզպետարանում էլ ասում են, թե նրան չեն հավատում, ուստի պետք է աշխատանքից հեռացնեն ու վերջ»,-168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Սյուզանա Բալայանի ազգականներից մեկը։

Նրա խոսքով՝ քանի որ գլխավոր բժշկուհին հրաժարվել է աշխատանքից հեռացնել իր աշխատակցին, մարզպետարանում նրան հորդորել են, որպեսզի ինքն ազատման դիմում գրի և հեռանա աշխատանքից։ Գլխավոր բժիշկը գրել է ազատման դիմում, սակայն եռօրյա ժամկետում, շատ դժվարությամբ դիմումը հետ է վերցրել

«Չնայած դիմումը հետ էր վերցրել, երեկ երեկոյան գլխավոր բժշկին աշխատանքից ազատվելու հրաման է եղել։ Առավոտից պոլիկլինիկայի աշխատակիցները բունտ էին անում, բայց քանի որ հիվանդներ են բերել պոլիլկինիկա, բունտը դադարեցրել են»,-նշեց նա։

168.am–ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ասաց, որ պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն ազատվել է իր գործունեության համար։

«Որտե՞ղ է այդ հրապարակումը, Դուք ունե՞ք, ես նման բան չեմ տեսել, ո՞վ է ասում, որ ես դա պիտի իմանամ։ Բազմաթիվ բողոքների հիման վրա պոլիկլինիկան անգործության է մատնված եղել, դրա համար էլ նա ազատվել է։ Բանավոր կերպով 2-3 անգամ զգուշացվել է, սակայն խնդիրը չի լուծվել, այդ պատճառով էլ ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից»,-նշեց մարզպետը։

Այս խորագրի վերջին նյութերը