Լրահոս

24.11.2021 10:58


Վթարի է ենթարկվել պարեկային ծառայության ղեկավարը

Վթարի է ենթարկվել պարեկային ծառայության ղեկավարը

Երեկ տեղեկություն ստացանք, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, վթարի է ենթարկվել պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը։ Նա Toyota Corolla-ով շուռ է եկել։ Հետը եղել է կինը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեզ ասացին նաև, որ պարեկային ծառայության ղեկավարն ալկոհոլ օգտագործած է եղել, բայց հիմա ամեն կերպ փորձում են թաքցնել այդ փաստը։ Ուշագրավ է, որ ոստիկանությանն «առընթեր» կայքերն այս վթարի մասին որևէ բան չեն գրել՝ խնայելով իրենց համակարգի պաշտոնյաներին։

Հակառակ դեպքում ճոխ վերնագրերով կողողեին համացանցը՝ հընթացս գեղարվեստական երանգներով նկարագրելով նաև պարեկների հերոսական գործողությունները։ Իսկ երբ այդ նույն պարեկների ղեկավարը վթար է առաջացնում, դրա մասին՝ ոչ մի խոսք։ Մենք փնտրեցինք և ոստիկանության կայքում գտանք այն հաղորդագրությունը, որտեղ նկարագրված է այդ օրը տեղի ունեցած ավտովթարը։

Հաղորդագրության մեջ առկա տվյալները համընկնում են մեր տեղեկության հետ, թեև որևէ անուն նշված չէ, թե ովքեր են վթարի մասնակիցները։ Ըստ հաղորդագրության՝ «նոյեմբերի 21-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում. 41-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»։ Նշենք, որ Ումրշատյանը 41 տարեկան է, մյուս տվյալները ևս համապատասխանում են մեր տեղեկություններին, բայց որոշեցինք լրացուցիչ ճշտել: Պարեկային ծառայության մեր աղբյուրներն ասացին, որ հենց այս վթարի մասին է խոսքը։

Մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք նաև պարեկային ծառայության ղեկավարի՝ Արթուր Ումրշատյանի հետ։ Նա սկզբում սիրալիր սկսեց պատասխանել մեր հարցերին, ապա երբ հիշատակեցինք ավտովթարը, ասաց՝ տեղս հարմար չէ, մի ժամից զանգեք:
«Հենց հիմա նենց ա վիճակս՝ չեմ կարա խոսամ»,-ասաց նա։

- Մեզ ասացին՝ Ձեր կինը հիվանդանոցում է, Դուք է՞լ եք հիվանդանոցում։

- Այո, ես էստեղ եմ, իր մոտ եմ, նորմալ ա ամեն ինչ, ոչ մի խնդիր չկա, եթե ուրիշ բան կհետաքրքրի, մի քիչ ուշոտ զանգեք։

- Ասացին՝ նաև խմած եք եղել ղեկին։

- Դե, սխալ բան են ասում, ինչ ասում են, մնացածը կճշտեք Դուք։ Շնորհակալություն, հաջողություն։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը