Լրահոս

22.11.2021 14:17


Չտուգանվելու համար անշարժ գույքի հարկը պետք է վճարել մինչև դեկտեմբեր. գումարն ավելացել է

Չտուգանվելու համար անշարժ գույքի հարկը պետք է վճարել մինչև դեկտեմբեր. գումարն ավելացել է
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ 2021թ–ի անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է։
Ավելորդ տույժերից խուսափելու համար քաղաքապետարանն ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում են մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը մարել գույքահարկի գծով ունեցած հարկային պարտավորությունները։ Հակառակ դեպքում կկիրառվի օրենքով նախատեսված տուգանք` պարտքի 0.04 %–ի չափով` 730 օրվա համար։
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Գործարկվել է նաև pay.e-community.am հարթակը: Հավաքման գործընթացը կազմակերպվում է թե՛ տեսուչների ուժերով, թե՛ էլեկտրոնային վճարման հարթակներով, ու թե՛որոշ բանկերի միջոցով։
Նման իրավիճակի պատճառը ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն են, որոնցով ՀՀ ողջ տարածքում գույքահարկի հաշվարկման ու վճարման նոր կանոններ են սահմանվել:
Այսպես` 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է դարձել ՀՀ բոլոր սեփականատերերի համար` անկախ գույքի արժեքից։ Մինչ այս փոփոխությունը 3 մլն դրամը չգերազանցող գույքի սեփականատերերն ազատված էին գույքահարկից։
Բացի այդ` մինչև հիմա հողամասերն ու շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար վճարվում էր գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությունից հետո` 2021 թ. հունվարի 1-ից սկսած, երկու հարկերը միավորվել ու պարզեցվել են և այժմ հաշվարկվում ու գանձվում են միասին` որպես անշարժ գույքի միասնական հարկ:
Միասնական հարկը հաշվարկվում է գույքի ու հողամասի կադաստրային արժեքների հանրագումարով` ըստ նոր ընդունված գոտիականության։
Հայաստանի ամբողջ տարածքը բաժանվել է 20 գոտիների։ Դրանցից 1-12-ը Երևանում են:
Ամենաթանկ գոտին առաջինն է, դա մայրաքաղաքի փոքր կենտրոնն է, որտեղ 1քմ հողամասի արժեքը սահմանվել է 330 000 դրամ` ըստ կադաստրային արժեքի։ Համեմատության համար նշենք, որ Երևանի ծայրամասային ամենավերջին` 12-րդ գոտում հողամասերի կադաստրային արժեքը հաստատված է 1 քմ–ը` 2 888 դրամ:
Որպեսզի փոփոխված օրենքով բնակիչները միանգամից հարկային մեծ բեռի տակ չընկնեն, կառավարությունը սահմանել է նոր գույքահարկերի վճարման փուլային տարբերակ, որի համաձայն` այս տարի` 2021թ–ին, քաղաքացիները կվճարեն գույքի գնահատված արժեքից հաշվարկված հարկի 25 %-ի չափով, 2022թ.–ին` 30%, ապա ամեն տարի աստիճանաբար կավելանա` մինչև 2026թ–ը հասնելով 100%–ի։
ՏԿԵՆ տվյալներով` ՀՀ տարածքում այս տարվա համար հաշվարկված 3 մլրդ 209 մլն դրամ անշարժ գույքի հարկից այս պահի դրությամբ վճարվել է 1 մլրդ 991 մլն–ը, որից 1 մլրդ 630 մլն` գույքի հարկի, 361 մլն–ը ՝ հողի հարկի մասով։

Այս խորագրի վերջին նյութերը