Մեկնաբանություն

22.11.2021 13:59


Ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլն՝ արյուն թափելով

Ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլն՝ արյուն թափելով

Նիկոլ Փաշինյանը լուծում է սեփական կաշին փրկելու խնդիրը։ Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների կյանքի հաշվին։ Ինչպես միշտ։ Ու ինչպես միշտ՝ ՀՀ քաղաքացիների կյանքի հաշվին։

Նրա հետևից միշտ արյան հետքեր են մնում։ Առանց արյան նա չի կարող։ Դա նրա ավերիչ տեսակով է պայմանավորված։ Ու քանի դեռ նա իշխանության գլխին է, հանգիստ չի լինելու, խոստացված «Խաղաղության դարաշրջանը» վերածվելու է «Պատերազմական մղձավանջի»։

Նիկոլի օրոք Հայաստանն ու Արցախը միշտ պարտվելու են, հայ զինվորի արյունը միշտ թափվելու է, խաղաղություն երբեք չի լինելու։

Նիկոլին արյուն է պետք, որպեսզի ինքը փրկվի։ Արյունը նրա իշխանական մեքենայի վառելիքն է։

Ինչքան շատ զոհ, այնքան լավ․ սա՛ է Նիկոլի իշխանության բանաձևը։ Դա նրա մոտ բնազդի մակարդակի վրա է։

Մարտի 1–ի արյունը

2008–ի մարտի 1–ին Նիկոլը ՀՀ քաղաքացիներին տարավ բախումների, որպեսզի վերցնի իշխանությունը (Արցախն Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով թողնելու կոդի շրջանակներում)։ Դա ծրագիր մաքսիմումն էր։ Մինիմում ծրագիրը զոհեր տալն ու այդ զոհերին շահարկելով՝ քաղաքական խնդիրներ լուծելն էր։ Ստացվեց։ Ունեցանք 10 զոհ, թուլացած Հայաստան, վտանգված Արցախ։

Մարտի 1–ի սպանվածներին Նիկոլն օգտագործեց ու շարունակում է օգտագործել՝ դիմացը վճարելով ՀՀ պետական բյուջեից։ Քաղաքական անբարոյականությունը հենց սա է, որ կա։

44–օրյա պատերազմի արյունը

Ադրբեջանն ու Թուրքիան հնարավորություն ստացան հարձակվել Արցախի վրա՝ Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության շնորհիվ։

Առնվազն երկու անգամ՝ հոկտեմբերի 7–ին ու հոկտեմբերի 19–ին Նիկոլը հնարավորություն ուներ կանգնեցնել պատերազմը, բայց նա դա չարեց ու գերադասեց շարունակել արծրունական «Հաղթելու ենք»–ի քարոզը։

Ինչպես հետագայում նա խոստովանեց՝ առնվազն 2.000 զոհով ավելի կորուստը պետք էր, որպեսզի իրեն չասեին «Նիկոլ դավաճան»։

Նիկոլը մսաղացի մեջ ուղարկեց հայ զինվորին, հանձնեց Շուշին ու Հադրութը, որպեսզի ներկայանա որպես փրկիչ ու խաղաղության աղավնի։

Հազարավորների արյունն իրեն պետք էր վախեցած ժողովուրդ ունենալու և սեփական աթոռը պահելու համար։

Հետկապիտուլյացիոն արյունը

Նիկոլը հիմա էլ է արյուն թափում։ Խոստացել էր «Խաղաղության դարաշրջան», բայց ապահովում է ճիշտ հակառակը։

Նիկոլին կրկին արյուն է պետք։ Հայ զինվորի արյունը։ Նա խոստացել է դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնել՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր «փոխըմբռնման» շրջանակներում։ Բայց նաև վախենում է։ Վախենում է խոստացածը թղթով հանձնել։ Ու նույն մեթոդն է կիրառում՝ հանձնում է արյունով։ Որ, իր հաշվարկներով, չասեն «Նիկոլ դավաճան»։

Խամաճիկ և բանակային կյանքում հանցագործությամբ աչքի ընկած Սուրեն Պապիկյանին հենց դրա համար էլ պաշտպանության նախարար է նշանակել, որ իր բոլոր կեղտոտ հրահանգները այդ ասֆալտի օլիգարխը կատարի հայ զինվորներին կրակի բերան ուղարկելու, պայմանավորված ձևով պարտվելու ու հայ–ադրբեջանական սահմանը հայ զինվորի արյունով գծելու համար։

Նիկոլը հասկանում է, որ բարդ ու ցավոտ լուծումների պետք է գնա, քանզի պարտության է տարել Հայաստանն ու Արցախը։ Նա հասկանում է նաև, որ սահմանագծումից ու սահմանազատումից հետո ինքը լավագույն դեպքում վռնդվելու է պետական կառավարման համակարգից։ Դրա համար էլ առաջնորդվում է «Կա՛մ ես կմնամ իշխանության, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով։ Ինքն իր կաշին է փրկում։ Արյան գնով։ Ինքը զոհում է հայ զինվորներին ու մեղավոր հռչակում ՌԴ–ին, գերի ընկած հայ զինվորներին, բոլորին, բացի իրենից։

Ելքն այս իրավիճակից մեկն է՝ վռնդել Ալիևի կոշիկները լիզող, հայ զինվորների կյանքի գնով սեփական աթոռը պահող Նիկոլին և աշխարհում Հայաստանը ներկայացնել նոր բանակցողով, որը ոչ մի գրավոր կամ բանավոր պարտավորություն չունի Ալիևի առաջ, կարող է գտնել նվազագույն կորուստներով արժանապատիվ խաղաղության բանաձև, ապահովել ՀՀ անվտանգությունն ու տեր կանգնել Արցախին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը