Լրահոս

22.11.2021 11:27


Հայաստանի մերօրյա իշխանությունները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձություն կազմակերպելու. ՀՅԴ

Հայաստանի մերօրյա իշխանությունները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձություն կազմակերպելու. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում գտնվող ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ և Լիբանանի ԱԺ-ում hայկական պատգամավորական խմբի նախագահ Հակոբ Բագրատունու և հայրենադարձ լիբանանահայերի միջև։

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիս Կիտանյանը։

Հանդիպմանը ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հաստատել է հայրենադարձների հետ շարունակական հանդիպումների կարևորությունը։ Նա նաև հայտնել է ՀՅԴ Հայաստանի կառույցի և ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորների պատրաստակամությունը՝ հնարավոր միջոցներով աջակցել հայրենադարձների առջև ծառացած խնդիրների լուծմանը։

Հակոբ Բագրատունին առաջին հերթին ընդգծել է ՀՅԴ ամբողջ աշխարհում սփռված կառույցների միջև համագործակցությունը՝ ի խնդիր թե' համայնքներում, թե' հայրենիքում ապրող մեր հայրենակիցների բարօրության։ Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամավորական խմբի նախագահն անդրադարձել է նաև Լիբանում տիրող իրավիճակին ու հաստատել, որ Լիբանանում հայ համայնքը մնում է աշհարհասփյուռ հայության կարևորագույն օղաներից մեկը, այն քաղաքական միավոր է երկրի սահմանադրությամբ ու քաղաքական դրվածքով։ Բագրատունին նաև հավելել է, որ այսօր Լիբանանում տիրում է շատ ծանր իրավիճակ, ու որոշ չափանիշերով նույնիսկ աւելի վատթար, քան քաղաքացիական պատերազմի օրերին։

Հակոբ Բագրատունին շեշտել է` պատմության ընթացքում հավաքական կամովին հայրենադարձությունը երբեք չի հաջողվել, իսկ Հայաստանի մերօրյա իշխանությունները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձություն կազմակերպելու՝ այդ քայլի պահանջած սոցիալական, տնտեսական, մշակութային ու այլ պահանջներով։ «Հետևաբար, որոշել ենք մնալ ու պայքարել։ Իսկ այդ նշանակում է՝ ամեն ճիգ թափել, որ Լիբանանի մեր համայնքը երկրի ներկա տագնապի մեր կարելիության սահմաններում թեթեւացնենք»,-ասել է Հակոբ Բագրատունին՝ շեշտելով, որ Լիբանանի հայ համայնքի օժանդակության կոչին դրական ու գործնական քայլերով արձագանգել են բոլորը, սկսած Հայաստանի ու Արցախի ՀՅԴ կառույցներից, մինչև Կաթողիկոսություններ ու հայկական կազմակերպություններ, միություններ։

Այս խորագրի վերջին նյութերը