Մեկնաբանություն

09.07.2011 16:35


«Նախաձեռնողական» հնազանդություն

«Նախաձեռնողական» հնազանդություն

Ղարաբաղյան հակամարտության հետ կապված Կազանում տեղի ունեցած հանդիպումն, ինչպես հայտնի է, ավարտվեց նախագահների հռչակագրային բնույթ կրող հայտարարությամբ։ Դրանից հետո հայկական կողմը՝ Սերժ Սարգսյանի ու Էդուարդ Նալբանդյանի կատարմամբ սկսեց խոսել այն մասին, թե առաջընթաց չեղավ, քանի որ Ադրբեջանը լրացուցիչ տասը պահանջ առաջ քաշեց։ ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետկազանյան բացատրություններն այս թեմայով մի տեսակ ինքնաարդարացում էին հիշեցնում՝ «Մենք խելոք ու խաղաղասեր ենք, Ալիևն է չարը» թեմայով։

Ուշագրավ է, որ բոլոր տիպի առաջարկներին հայկական կողմի «այո» ասելու պատրաստակամությունը հիմա փորձ է արվում մեր հանրությանը ներկայացնել որպես դրական երևույթ։

ՀՀ իշխանությունների ասելով ստացվում է, որ իրենք համաձայն կլինեին Կազանում սեղանին դրված ակնհայտորեն ոչ հայանպաստ առաջարկին, բայց Ալիևը կոշտություն   ցուցաբերեց ու դրա համար էլ բեկում տեղի չունեցավ։

Փաստորեն՝ «նախաձեռնողական» որակված ՀՀ արտաքին քաղաքականությունն իրենից ներկայացնում է, պատկերավոր ասած, բերանը ջուր առած վիճակ, երբ դու հնազանդորեն ենթարկվում ես միջնորդների բոլոր ասածներին ու ոչ մի բան չես պահանջում։

Ուշագրավ է նաև այն, որ հայկական կողմը Կազանից հետո մի անհեթեթ միտք է դրել շրջանառության մեջ, թե ներկա «ստատուս–քվոն» ձեռնտու է Ադրբեջանին։ Այսինքն՝ ուզում են ասել, թե մենք ձգտում ենք օր առաջ հանձնել տարածքները («ստատուս–քվոյի» փոփոխությունը դա է նշանակում), բայց Ադրբեջանը չի համաձայնում ու «ստատուս–քվոն» պահպանվու՞մ է։ Դե ուրեմն եկեք շնորհակալություն հայտնենք Ալիևին, որ այդքան ախմախ է և հանդես է գալիս մեր շահերից։

Ակնհայտ է մեկ բան. եթե հայկական կողմը հայտարարում է, թե ինքը կողմ է սեղանի վրա եղած փաստաթղթին, բայց Ալիևն է լրացուցիչ պայմաններ առաջ քաշում ու վիժեցնում գործընթացը, ապա բնական է, որ հետագա առաջարկները մեզ համար ավելի վատն են լինելու, քանի որ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության շրջանակներում ոչ մի պահանջ չի դրվում, բացի ԼՂ ինքնորոշման հետ կապված մշուշոտ ձևակերպումից, իսկ ահա Ալիևը «լացում» է ու բարելավում իր դիրքերը։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Լավրովի բերած նոր առաջարկները նպատակ ունեն բավարարելու Ադրբեջանի՛ տասը պահանջները կամ դրանց մի մասը, քանի որ հայկական կողմը «այո–մարդու» հայեցակարգով է առաջնորդվում և տառապում է խաղաղասեր երևալու կոմպլեքսով։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ևս մեկ անգամ գալիս ես այն մտքին, որ եթե «ստատուս–քվո» փոխելու խնդիր կա, ապա դա պետք է տեղի ունենա Հայաստանի ներքաղաքակա՛ն դաշտում։ Չվաստակած հանգստի պետք է ուղարկել և՛ իշխանությանը, և՛ իշխանության կցորդի վերածված «էջմիածնական միաբաններին», որից հետո արդեն հրաժեշտ կտանք «նախաձեռնողական» որակված անհեթեթ քաղաքականությանն ու հնարավոր կլինի ունենալ նորմալ պետություն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Լավրովի երևանյան այցի ժամանակ ՀՀ արտգործնախարարը, երկրորդելով Ս. Սարգսյանին, հայտարարեց, թե իրենք Կազանում չհասան արդյունքի, քանի որ Ալիևը տասը նոր պահանջ առաջ քաշեց։ Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ նոր պահանջների մասին է խոսքը։ Հայկական կողմը պարտավոր է հանրությանը ներկայացնել դրանք, որպեսզի մենք հասկանանք, թե ինչին են դեմ եղել «նախաձեռնողականները», որից էլ կարելի կլինի պատկերացում կազմել, թե ինչին են համաձայնել Սարգսյանն ու Նալբանդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը