Լրահոս

19.11.2021 21:49


Հարազատները նախօրեին տեսանյութում ճանաչել էին Դավիթին՝ վիրավոր վիճակում, այսօր նրա անունը զոհվածների ցանկում է

Հարազատները նախօրեին տեսանյութում ճանաչել էին Դավիթին՝ վիրավոր վիճակում, այսօր նրա անունը զոհվածների ցանկում է

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը Լոռու մարզի Դեբետ համայնքից էր։ Պայմանագրային զինծառայողը նաեւ 44–օրյա պատերազմի մասնակից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանն ասաց, որ 41–ամյա Դավիթը մոտ 6 տարի պայմանագրային զինծառայող էր, իսկ Սյունիք գնացել էր նոյեմբերի 6–ին։

Համայնքապետի խոսքով՝ Դավիթի հարազատները ճանաչել են նրան նախօրեին տելեգրամյան ալիքներից մեկով տարածված տեսանյութում, որում Դավիթին վիրավոր վիճակում ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են։

«6 վայրկյանանոց տեսահոլովակ է, ինքը չի խոսում, բայց երեւում է, որ ոտքերի եւ գլխի շրջանում վիրավորումներ ունի։ Տեսահոլովակն արված էր փակ տարածքում, շատ բան հասկանալի չէր»,–պատմեց Աշոտ Ղազարյանը։

Համայնքի ղեկավարը Դավիթի եղբոր հետ այսօր Կարմիր Խաչ եւ Պաշտպանության նախարարություն գնալու ճանապարհին է տեղեկացել, որ Սյունիքում զոհված զինծառայողների ցանկում են նաեւ Դավիթի տվյալները։

«Գնում էինք, որ ասեինք՝ ճանաչել ենք Դավիթին, վիրավոր է, բայց ճանապարհին լսեցինք նրա մահվան բոթը։ Ամենացավոտն այն է, թե ինչպես են տարածում զոհված զինծառայողների մասին լուրը։ Պատկան մարմինները տիրապետում էին հարազատների կոնտակտներին, բայց լուրերով են հայտարարում զոհվածների անունները, առանց մինչեւ այդ հարազատներին տեղեկացնելու, ոնց որ վերքի վրա աղ լցնեն։ Եթե համապատասխան մարմինները կարդում են, խնդրանք ունեմ իրենց. վերաբերմունքը փոխեք։ Մենք տեսանյութը տեսել էինք, հույսով լի էինք, մտածում էինք, որ կգնտենք իրեն, կբուժվի, բայց ճանապարհի վրա լսում ենք նրա մահվան մասին։ Էն ինչ ես տեսա, թե եղբոր հետ ինչ կատարվեց, դա ճիշտ չի, անպատասխանատու վերաբերմունքի հետեւանք էր»,–ասաց Դեբետ համայնքի ղեկավարը։

Նշենք, որ Դավիթ Ամիրյանի մասնակցությամբ տեսանյութը տարածվել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը նախօրեին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, որ Բաքվում գտնվող հայ զինծառայողներից մեկը վիրավոր է եւ վիրահատության կարիք ունի։

«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։

Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,-ասել էր Բորիս Ավագյանը։

Մինչդեռ այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հրապարակեց վեց զոհված զինծառայողի անունները, որոնց մեջ էր նաեւ Դավիթ Ամիրյանի անունը։

41–ամյա Դավիթը ծնողների հետ ապրում էր Դեբետում, քույր ու եղբայր ունի։

«Աշխատավոր ընտանիքի տղա էր, իր տեսակով յուրահատուկ, հանգիստ, հարեհաս բոլորին։ Կարող եմ ասել, որ ինքը կռվող տեսակ էր, տեսանյութից էլ պարզ է, որ մարտ է վարել, ու ֆիզիկապես էլ երեւի հնարավոր չի եղել շարունակել, որովհետեւ վիրավորումներ ուներ։ Վերջին անգամ իր հետ կապը եղել է ամսի 16–ին, երբ դեռ ռազմական գործողությունները չէին սկսել»,–պատմեց համայնքապետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին,ժամը 13։00-ի սահմանում, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Մի քանի ժամ այդ ուղղությամբ մարտեր էին ընթացել, հայկական կողմը երկու մարտական դիրք էր կորցրել։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել էր։

Պաշտպանության նախարարությունը նախ հայտնել էր մեկ զոհի մասին, որը 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանն է։ Նախարարությունը հաղորդել էր, որ կա 13 գերեւարված զինծառայող, իսկ 24 զինծառայողի հետ կապը կորել էր, եւ նրանց ճակատագիրն այդ պահին անհայտ էր։

Այսօր՝ նոյեմբերի 19–ին, նախարարությունը հայտնեց, որ ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանք են՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը