Կարծիք

09.08.2011 15:43


Միասնական պարտություն կամ առանձին հաղթանակ

Միասնական պարտություն կամ առանձին հաղթանակ

Ամիսներ առաջ, երբ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման շուրջ լարվածություն էր առաջացել, ՀԱԿ ղեկավարներից Դ. Շահնազարյանը հանդես եկավ իր պատմական ձևակերպմամբ. «ՀԱԿ-ը թույլ չի տա ներիշխանական անկայունություն»:

Եվ միայն երդվյալ լևոնակնները չէին ուզում հասկանալ, թե ինչ ասաց իրենց փոխառաջնորդը: Ու նաև` ում խնդրանքով:

Բայց սա արդեն պատմություն է, ու նույնիսկ ՀՀԿ խոսնակը հասցրել է հայտարարել, որ կոալիցիոն հուշագիրը իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է:

Սակայն, այս միջադեպի կարևորությունը այլ տեղ էր: Այս միջադեպով մատնվեց «ագենտուրան»: Սա կարևոր ոչ միայն ԲՀԿ-ի համար, այլև մյուս քաղաքական ուժերի: Սրանով մատնվեց, թե անհրաժեշտության դեպքում ում խնդրանքով և ում բերանով են հնչեցվելու մեսիջները:

Թե՛ պատվիրատուն, և թե՛ կատարողը ժամանակին եղել են երկրի անվտանգության ծառայության ղեկավարներ և լավ գիտեն, որ ագենտուրան կարելի է բացահայտել միայն ծայրահեղ դեպքերում: Հավանորեն կոալիցիոն հուշագրի ստորագրման պահը եղել է բացառիկ նշականության. մեր տեղեկատվությունը այս մասով, ցավոք, բավարար չէ:

Հիմա երկխոսության փուլն է: Չեզոք տարածք, օրակարգեր, ռեվերանսներ, արտահերթ ընտրություններ և այլն: Ամեն ինչ գնում է նախապես պլանավորած սցենարով:

Բայց հոգու խորքում բանակցողների իրական ղեկավարների մոտ մի հարց մնում է անպատասխան: Կարելի է պայմանավորվել ապագա ԱԺ-ում քվոտաների մասին, պայմանավորվել առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ, կիսել քաղաքական դաշտը, բայց դա միայն մեկ պարագայում. եթե կոալիցիան ընտրություներին մասնակցի միասնական ցուցակով: Սա բոլորի գերնպատակն է. ՀՀԿ-ի, որը թուլացած է, ՕԵԿ-ի, որը գործնականում չկա և ՀԱԿ-ի, որին սև-սպիտակ բաժանարար գիծը նվազող էլեկտորատի պայմաններում թթվածնի նման անհրաժեշտ է:

Միակ ուժը, որը խոչընդոտում է այս ծրագրին ԲՀԿ-ն է: Գ. Ծառուկյանը ԱԺ-ում ասաց, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է առանձին: Հիմա երկխոսողները լծվել են նրա դեմ, ավելի ճիշտ` նրա առանձին մասնկացելու դեմ, սրբազան պայքարի:

Մատնված ագենտուրայի սցենարով, դա իրականացվում է ՀԱԿ-ական շրջանակաների և Լևոնական մամուլի միջոցով: Սա սկիզբն է, աշնանը ճնշումները կուժեղացվեն, կմիանան նոր դեմքեր և լրատվամիջոցներ: Ւշխանությունը իր մեթոդներով, կհորդորի միասնական ցուցակ կազմել:

Կլուծվի , թե ոչ այս խնդիրը, կախված դրանից` կունենանք տարբեր քաղաքական դաշտեր և տարբեր երկիր:

Մինչ ԲՀԿ-ի հնարավոր հակաքայլերին անցնելը, նշենք, որ սա ոչ միայն ԲՀԿ-ի, այլև մյուս` երկխոսությունից զերծ ուժերի լինել, չլինելու խնդիրն է:

Մեկ բան պետք է հասկանալ. եթե «համոզեն» ԲՀԿ-ին, դուք այլևս չեք լինելու, դուք ոչ մեկին պետք չեք` «Ժառանգություն», ՀՅԴ, «Ազատ Ժողովրդավարներ», Ռամկավարներ և այլն: Եթե պլանը հաջողվի իրականացնել, ոչ ոք չի հաշվելու ձեր ստացած ձայները, ձեր տեղական կառույցների առկայությունը, ձեր լիդերների խարիզման, կամ սփյուռքում ունեցած հեղինակությունը: Սա է ճշմարտությունը, որը ձեզնից բացի, կարծես թե բոլորը հասկացել են: Ի դեպ, այս ամենը վերաբերում է նաև մի խումբ անհատների, որոնք քաղաքական մեծ հավակնություններ ունեն:

ԲՀԿ-ն կգնա առանձին

Ինչ ռեսուրս ունի ԲՀԿ-ն` դիմանալու համար երկխոսողների և նրանց լրատվական դաշտի ճնշումներին: Ռեսուրսների պարզունակ թվարկումը կարող է համոզիչ չթվալ շատերին: Փոխենք հարցը. ի՞նչը պետք է խանգարի ԲՀԿ-ին չլինել խոսքի տերը: Սրա պատասխանը մեկն է` քաղաքական կոմպոնենտի թուլությունը: ԲՀԿ-ն պարտավոր է սկսել աշունը նոր քաղաքական անուններով, որոնք նոր քաղաքական բանաձևեր կդնեն շրջանառության մեջ: Սա անելուց հետո, ԲՀԿ-ի ռեսուրսը կկրկնապատկվի:

Այսօր ԲՀԿ-ի ռեսուրսը բավարար է ընտրություններում հաղթանակ տանելու համար. Ծառուկյանի վարկանիշը ավելի բարձր է, քան հիմնական մրցակիցներինը միասին վերցրած: Երկրի բիզնես համայնքը այսօր համախմբված է Ծառուկյանի շուրջ` փրկվելու համար վարչապետի գոյությունից, երկխոսության արդյունքում հիասթափված ընտրազանգվածները փոփոխության հնարավորությունը տեսնում են ԲՀԿ-ում: 2007-ի ԲՀԿ –ի հետ այսօրվա կուսակցությունը քիչ կապ ունի` արված են անհրաժեշտ հետևությունները` ձայն ստանալու և ձայն պահելու համար: Եվ վերջապես, Ծառուկյանը չունի ռեսուրսների պակաս սեփական լրատվամիջոցները բացելու և կամ լրատվական խողովակներով իր դեմ պատվիրված արշավներին համարժեք պատասխաններ տալու: Ի դեպ, կյանքը ցույց է տալիս, որ միայն այդ դեպքում է հայկական լրատվական դաշտում խաղաղություն հաստատվում:

Հաջորդ քայլը պետք է կատարեն վերը նշված քաղաքական ուժերը: Սա ավելի շատ ոչ թե քայլ է, այլ ընտրություն: Մտնել բաց երկխոսության մեջ ԲՀԿ-ի հետ կամ ուղիղ 10 ամիս անց քցվել ու մոռացության մատնվել:

Իսկ եթե այնուհանդերձ, դեպքերը զարգանան այնպես, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցի միասնական ցուցակով, ապա ընտրությունների ավարտից ուղիղ մեկ օր անց ԲՀԿ-ն կդադարի գոյություն ունենալ:

Արսեն Խաչատրյան

Այս խորագրի վերջին նյութերը