Լրահոս

09.07.2011 10:03


«Յունիգրաֆ իքսի» արձագանքը բնապահպաններին

Վերջին մի քանի օրերին բավականին ագրեսիվ է դարձել տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և բնապահպանական կազմակերպությունների արձագանքը Երևանի վարչական շրջաններում թափառող կենդանիների դեմ տարվող պայքարին։ Հավանաբար եկել է պահը, երբ այդ ակտիվությունն ավելի քան երբևէ անհրաժեշտ է։ Խնդիրը դարձել է անհարկի շահարկումների առարկա։ Այն գործելաոճը և քարոզչական պատերազմը, որ որդեգրել են մեր «բնապահպանները», շատ հեռու է կենդանասիրությունից և այլ եզրակացությունների առիթ է տալիս։ Սակայն այդ մասին՝ մի փոքր ուշ։

Երևանի վարչական շրջաններում թափառող կենդանիների դեմ պայքար իրականացնում է «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն, որը տարածաշրջանում ունի եզակի կլինիկա, որտեղ աշխատում են փորձառու մասնագետներ, անասնաբույժներ, վիրաբույժներ (գիտական աստիճաններով): Ընկերությունն ապահովված է հատուկ կահավորված ավտոմեքենաներով և թափառող կենդանիների որսը, ստերիլիզացումն ու վնասազերծումն իրականացնող անհրաժեշտ սարքավորումներով: Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարում կիրառվում են ստերիլիզացիայի և քնեցման մեթոդները։ Թափառող կենդանիների դեմ պայքարի մասնագիտացված կենտրոն տեղափոխված բոլոր կենդանիները ենթարկվում են կլինիկական հետազոտության: Կենդանիների մոտ մակաբույծների առկայության դեպքում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ համապատասխան դեղամիջոցների օգտագործմամբ: Տարբեր հիվանդությունների նկատմամբ (կատաղություն, ժանտախտ և այլն) կատարվում են նաև պատվաստումներ: Քնեցվում և վնասազերծվում են այն կենդանիները, որոնք բուժման ենթակա չեն և դրսևորում են ագրեսիվ, հարձակվողական վարք:

«Յունիգրաֆ իքսում» տարեցտարի կատարելագործվում են թափառող կենդանիների դեմ պայքարի ուղիները։ Մշտապես ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ այն ներդնելու նկատառումով։ Հսկայական աշխատանք է տարվում բնակչության շրջանում։

Թափառող կենդանիների խնդրին ամբողջական լուծում տալու համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ։ Մասնավորապես պետք է ստեղծվի և կատարելագործվի օրենսդրական դաշտը, թափառող կենդանիների դեմ պայքար պետք է տարվի ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամբողջ հանրապետությունում, այլապես միայն տեղային աշխատանքները չեն տա իրենց ցանկալի արդյունքները։ Առավել ևս, որ շները բազմանում են շատ արագ. մեկ պտղաբեր էգ շունը վեց տարվա ընթացքում իր ձագերի միջոցով կարող է ունենալ ավելի քան 60 հազար ձագ (աղբյուր՝ «Դորիս Դեյ»Կենդանիների Միավորում, ԱՄՆ)։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև հանրային իրազեկում, աշխատանք հասարակության հետ։ Եվ միայն այս տարրերի համադրության դեպքում կարելի է հասնել դրական արդյունքի։ Նկատեմ նաև, որ թափառող կենդանիների դեմ պայքարը պայքար է հետևանքի դեմ, մինչդեռ պետք է կանխարգելել երևույթը ծնող պատճառները։

Ինչ վերաբերում է «Փրո Փոուզ» կազմակերպության «վերլուծությանը», ապա այն  կատարվել է անհասականալի տրամաբանությամբ և նման է մտավարժանքի։ Տեղեկացնենք, որ «Յունիգրաֆ իքսում» աշխատում է ոչ թե 1 կամ 2 աշխատակից, այլ տասնյակ մարդիկ, որոնք իրականացնում են ամբողջ գործընթացը։ Քնեցված կենդանիները թաղվում են բացառապես քաղաքապետարանի կողմից հատկացված հատուկ տարածքում։

Ինչ վերաբերում է 180 մլն դրամին, ապա նՆշենք, որ 180 մլն դրամ «Յունիգրաֆ իքսին» հատկացվում է ընդամենը երկրորդ տարին։ Նախորդ տարիներին հատկաված գումարի չափն էականորեն ավելի փոքր էր։ Ասենք, որ տարեցտարի ավելացվում են ստերիլիզացմանը հատկացվող գումարները։ Հայտնի փաստ է, որ միայն ստերիլիզացման մեթոդն իր արդյունքը կարող է տալ 7-8 տարի հետո։

«Յունիգրաֆ իքս» ընկերությունը բաց է համագործակցության ցանկացած կառույցի համար։ Ընկերության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Փրո Փոուզի» անդամների հետ և հայտնել պատրաստակամություն համագործակցության համար։ Սակայն ոչ մի առաջարկ (բացի վարկաբեկումից և անհիմն մեղադրանքներից) «Փրո Փոուզից» «Յունիգրաֆ իքսը» չի ստացել։

«Յունիգրաֆ իքսը» հարգում է ցանկացած տեսակետ։ Մենք հարգում ենք նաև բնապահպանների առաքելությունը, որն ուղղված է հենց բնության պահպանությանը։ Բայց երբեմն նրանց կողմից հնչեցված քննադատությունը կարծես այլ նպատակ է հետապնդում։ Չենք կարծում, թե բրիտանացիները, ամերիկացիները, ճապոնացիները կենդանասերներ չեն, բայց այս երկրներում տարեկան հազարավոր, եթե ոչ միլիոնավոր, շներ են քնեցվում։ Ինչո՞ւ այդ միջազգային կառույցները նույն Բրիտանիայում ու ԱՄՆ-ում գործունեություն չեն ծավալում և այդ երկրների իշխանությունների առաջ նախապայմաններ չեն դնում։

Մենք կատարում ենք հսկայական աշխատանք, լուծում ենք Երևան քաղաքի համար շատ կարևոր սոցիալական խնդիր՝ ստանալով մեծաթիվ շնորհակալագրեր և թույլ չենք տալու ինչ-ինչ նպատակներ հետապնդող կազմակերպությունների և տարբեր «շարժումների» մոտ 20 ակտիվիստների արատավորել մեր բարի համբավը։ Այսուհետև մեր գործունեության մասին ապատեղեկատվություն տարածող կազմակերպությունների հետ պատրաստ ենք հարցը վիճարկել համապատասխան ատյաններում։

«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ

P. S.- Այժմ հանրության լայն շրջանակներին մոլորության մեջ չընկնելու համար մի քանի մեջբերումներ անենք թափառող կենդանիների դեմ պայքարի միջազգային փորձից։ Թափառող կենդանիների դեմ պայքար, բնականաբար, տանում են բոլոր երկրները՝ իրենց հնարավորություններին համապատասխան։ Աշխարհում թափառող կենդանիների դեմ պայքարում կիրառվում է հիմնական երեք մեթոդ՝ կացարաններ, ստերիլիզացիա և քնեցում։ Ընդ որում, նշված վերջին մեթոդը՝ քնեցումը, չի արգելում նույնիսկ Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան (տես հոդված 11՝ «Քնեցում»)։

Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածը («Թվաքանակի նվազեցում») նշում է, որ եթե պետությունը համարում է` թափառող կենդանիների քանակն իր համար խնդրահարույց է, պետք է ընդունի օրենսդրական կամ վարչական անհրաժեշտ միջոցներ, որոնք կնվազեցնեն թափառող կենդանիների թիվը։  Ընդ որում, կոնվենցիան չի սահմանափակում թվաքանակի կրճատման մեթոդները։

Բերենք մի քանի օրինակ թափառող կենդանիների դեմ պայքարի միջազգային փորձից. Մեծ Բրիտանիայում իշխանությունների գնահատականներով թափառող շների թիվը 2004-ին հասնում էր 140 հազարի։ Բավականին մեծ թիվ է, եթե նկատի ունենանք, որ Մեծ Բրիտանիան այս ոլորտում պայքարի մեծ փորձ ունի և ձևավորված ավանդույթներ։ Նույն 2004-ին համապատասխան ծառայությունները բռնել են 105 հազար թափառող կենդանի, որից 10 հազարը ենթարկվել է քնեցման։

Միացյալ Նահանգներում թափառող շներին բռնում և 2-7 օր պահում համապատասխան կացարաններում։ Եթե նրանց համար չեն կարողանում տերեր գտնել, ապա այդ կենդանիները քնեցվում են։ Թափառող կենդանիների որսը, ստերիլիզացումն ու վերադարձը նախկին միջավայր կիրառվում է ԱՄՆ ընդամենը մի քանի քաղաքում, այն էլ լոկ կատուների նկատմամբ։ Փորձագիտական տվյալների համաձայն՝ ամեն տարի ԱՄՆ-ի փողոցներից հավաքված 19 միլիոն թափառող կենդանիների մոտ 75 տոկոսը քնեցվում է։ Մյուս 25 տոկոսը գտնում է նոր տերերի կամ մնում է բարեգործական կազմակերպություններում։ Ընդ որում, թափառող կենդանիների վերաբերյալ ստույգ վիճակագրություն ԱՄՆ-ում, որտեղ գործում են կենդանիների հաշվառման հստակ մեխանիզմներ, չկա։ Կենդանիների պաշտպանության ամերիկյան կազմակերպություններից մեկի՝ The Humane Society of the United States-ի տվյալներով, Նահանգներում տարեկան կացարաններում է հայտնվում 6-8 միլիոն թափառող շուն և կատու, որից 3-4 միլիոնը քնեցվում է։

Մեկ այլ երկրում՝ Ճապոնիայում, գործում են կենդանիների համար նախատեսված հատուկ հյուրանոցներ, որտեղ տերերը կարող են ժամանակավորապես թողնել իրենց փոքր բարեկամներին։ Այդուամենայնիվ, հազարավոր շներ նետվում են փողոց։ Մասնագիտացած ծառայությունները, որսալով փողոցում հայտնված կենդանիներին, տեղափոխում են կացարաններ, որտեղից նրանց կարող է վերցնել ցանկացած մարդ։  Պահանջարկ չունեցող կենդանիներին ոչնչացնում են. 2002թ., օրինակ, Ճապոնիայում քնեցվել է 125 հազար թափառող կենդանի։

«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ

Այս խորագրի վերջին նյութերը