Մեկնաբանություն

15.11.2021 12:31


Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ․ քաղաքական ճգնաժամ

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ․ քաղաքական ճգնաժամ

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ։ Դրա վկայությունը ոչ միայն ու ոչ այնքան Սյունիքի մարզի խոշորացված համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքներն են, որքան Հայաստանի ներսում, Հայաստանի շուրջ ու Հայաստանի հաշվին տեղի ունեցող զարգացումները։

Եթե մի կողմ թողնենք ԿԸՀ հրապարակած թվերն ու ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վրա ազդած ապօրինի գործոնները, ապա պետք է նկատենք, որ Նիկոլին քվե տվող քաղաքացին այդպես վարվել է Նիկոլի քաղաքական կոդերի պատճառով։

Իսկ ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը։ Նա մուրճը ձեռքին խոստանում էր պայքար նախկինում իր կողմից քննադատված օլիգարխիայի ու նախկինների դեմ։

Նիկոլը խոստանում էր նաև «Խաղաղության դարաշրջան», թե բա հեսա սահմանները բացվում են, թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտուր ենք անում ու լավ ապրում։

Ի՞նչ ունենք իրական կյանքում։

Նիկոլը ոչ թե օլիգարխիայի դեմ է պայքարում, այլ սեփական օլիգարխներին է աճեցնում․ հներին վերակենդանացնում է, իր բոմժական թիմի ներկայացուցիչներին դարձնում ասֆալտի օլիգարխ։ Երբ իշխանության եկան՝ Նիկոլը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը և մյուսները, նրանք աղքատ տղաներ էին։ Հիմա գերհարուստ են դարձել իշխանություն ունենալու հաշվին։

Ինչ վերաբերում է նախկինների դեմ պայքարին, ապա նման բան չկա։ «Քաղաքացիական պայմանագիրը» ՏԻՄ ընտրություններին հիմնականում մասնակցում է նախկին ՀՀԿ–ականներով։ Այս առումով շատ խորհրդանշական էր, որ Ջերմուկում Նիկոլը քաղաքապետ նշանակեց ՀՀԿ–ական օլիգարխ Ջերմուկի Աշոտի՝ Աշոտ Արսենյանի որդուն։

Մի խոսքով, նախկինների դեմ մուրճային պայքարն իրականում նախկինների բազայի վրա նոր ավտորիտար ռեժիմ ձևավորելն է, ինչի մանդատ Նիկոլը չէր ստացել։ Այստեղ նա խաբել է։ Հերթական անգամ։

«Խաղաղության դարաշրջանի» մասով էլ ամեն օր հակառակ բաներն ենք տեսնում։ Ադրբեջանը օր օրի կրճատում է ՀՀ տարածքն ու ամենևին էլ խաղաղասիրական տրամադրություն չի ցուցադրում։ Այսինքն՝ Նիկոլի խոստումն այս մասով էլ է բլեֆ։ Հետևաբար նաև չունի քաղաքական լեգիտիմություն։ Իսկ դա խորացնում է քաղաքական ճգնաժամն անկախ այս տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։

Քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Դա կարվի փողոցով, թե խորհրդարանով, ընդդիմադիր դաշտից, թե իշխանության ներսից, արդեն այլ խոսակցության թեմա է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը