Աշխարհ

14.11.2021 09:00


Այսօր Շաքարային դիաբետի համաշխարհային օրն է

Այսօր Շաքարային դիաբետի համաշխարհային օրն է

Ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես Շաքարային դիաբետի համաշխարհային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությանը:

Շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից մեկն է՝ լինելով հաշմանդամության հանգեցնող ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն, որը մեծ բեռ է բոլոր երկրների առողջապահության համակարգերի համար:

2006 թվականի դեկտեմբերի 20-ին Միավորված Ազգերի 61-րդ Վեհաժողովն ընդունեց 61/225 բանաձևը՝ շաքարային դիաբետի դեմ պայքարում աշխարհի բոլոր երկրները միավորվելու վերաբերյալ: Բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ շաքարային դիաբետը, լինելով ոչ վարակիչ հիվանդություն, նույնքան վտանգավոր է, որքան վարակիչ հիվանդությունների համաճարակը:

Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում այլևս միայն բժշկական խնդիր չէ՝ այն ձեռք է բերել գլոբալ բնույթ: Այս կապակցությամբ ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր երկրներին միավորվել դիաբետի դեմ պայքարում. իրականացնել համաճարակաբանական հսկողություն, ներդնել ռիսկի գործոնների մշտադիտարկման համակարգ, ձեռնարկել հիվանդության դեմ պայքարի արդյունավետ կանխարգելման միջոցառումներ` բարձրացնելով հանրային իրազեկությունը ինչպես ռիսկի գործոնների, այնպես էլ հիվանդության և դրա բարդությունների, կանխարգելման և բուժման եղանակների վերաբերյալ:

ԱՀԿ մոտեցումների համաձայն` շաքարային դիաբետի առավել նշանակալի ռիսկի գործոններն են. անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի վնասակար ազդեցությունը և ծխախոտի օգտագործումը: Դրանց նպատակային նվազեցումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը հիվանդության կանխարգելման համակարգի հիմքն են: «Խուսափել ավելորդ քաշից, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, չծխել» շատ պարզ բանաձևը հնարավորություն է ընձեռում զգալի նվազեցնել հիվանդացությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը