Աշխարհ

13.11.2021 15:57


Մարդիկ մի քանի հազարամյակով արագացրել են մամոնտների անհետացումը. գիտնականներ

Մարդիկ մի քանի հազարամյակով արագացրել են մամոնտների անհետացումը. գիտնականներ

Mammuthus primigenius մամոնտի անհետացման գործում մարդու դերը բավականին զգալի էր, ընդ որում՝ այն ազդել է 11 700 թվականին մեկնարկած հոլոցենի դարաշրջանից շատ ավելի վաղ: Այդ եզրակացությունն արել է Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանից Դեմիեն Ֆորդենի գլխավորությամբ միջազգային հետազոտական խումբը քարացուկները, հնագույն ԴՆԹ-ն և համակարգչային մոդելների կառուցվածքն ուսումնասիրելու հիման վրա: Հոդվածը հրապարակվել է Ecological Letters պարբերականում:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ եղել են որոշիչ և անփոփոխ գործոններից մեկը, որոնք ազդել են մամոնտների պոպուլյացիայի կրճատման վրա, կարևորագույն դեր են խաղացել դրանց վերջնական անհետացման հարցում,-հայտարարել է Դեմիեն Ֆորդենը:-Մենք գիտենք, որ մարդիկ որսացել են մամոնտներին մսի, մորթու, ոսկորների համար: Դեռևս բարդ է գնահատել, թե ինչպես են մամոնտների անհետացման գործում ազդել կլիմայի տաքացումն ու հնագույն որսորդները, սակայն մեր վերլուծությունն ամրապնդում է փաստարկները, որոնք ուղղված են այդ կենդանիների պապուլյացիայի կրճատման վրա հիմնականում անտրոպոգեն ազդեցության հաստատմանը»:

Գիտնականների կարծիքով՝ մամոնտների այդ տեսակի անհետացումը մեկնարկել է վերջին ջրհեղեղից դեռևս մի քանի հազարամյակ առաջ, իսկ քարացուկների և հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրումը ցույց է տվել, որ որոշ շրջաններում մարդիկ 4 հազար տարով արագացրել են այդ հնագույն արարածների անհետացումը: Մյուս կողմից գենետիկ հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ Սիբիրի մի քանի արկտիկական շրջաններում մամոնտները բնակվել են դեռևս 5000 տարի առաջ, այսինքն՝ շատ ավելի երկար ժամանակ, քան ավելի վաղ համարվում էր՝ պահպանվելով հարմարավետ կլիմայական պայմաններ և փոքր խտությամբ բնակչություն ունեցող որոշ տարածքներում: Կարելի է նաև եզրակացնել, որ տեսակների անհետացումը սովորաբար դառնում է տարբեր բացասական գործընթացների հետ բավականին բարդ փոխազդեցության հետևանք:

Նախորդ ամիս միջազգային գիտախումբը, որը գլխավորել է Կոպենհագենի համալսարանի գեոգենետիկայի կենտրոնի տնօրեն Էսկե Վիլերսլևը, մամոնտների կողմից բնակեցված միջավայրի հսկայական և համալիր հետազոտություններից հետո եզրահանգել է, որ դրանց անհետացման պատճառ էր նախ կլիմայի կտրուկ փոփոխությունը, ոչ մարդկային գործոնը: Սառցե դարաշրջանի վերջում տաքացման արդյունքում հալվել էին սառցաբեկորները, շրջակա միջավայրը դարձել էր չափազանց խոնավ և ճահճային հսկայական կենդանիների համար, դեռ ավելին, վերացել են բուսականությունը, որով մամոնտները սնվում էին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը