Քաղաքական

12.11.2021 14:50


Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «տարածքային ամբողջականությունը ճանաչող խաղաղության համաձայնագիր» կնքել Երևանի հետ

Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «տարածքային ամբողջականությունը ճանաչող խաղաղության համաձայնագիր» կնքել Երևանի հետ

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ խաղաղության պայմանագիր ստորագրել, որը կճանաչի երկու պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, գրում է haqqin.az-ը:

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, որը կճանաչի երկու պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ադրբեջանը նաեւ աջակցում է սահմանների սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների մեկնարկին»,- ասել է Ասադովը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության եւ ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի խաղաղապահ ջանքերը, անկասկած, ծառայում են խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը Հարավային Կովկասում։ Ադրբեջանի վարչապետը հավելել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կողմնակիցն է. «Դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլեւ տարածաշրջանի մյուս երկրները։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարեւոր դեր է խաղում տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլեւ ընդհանուր ԱՊՀ-ում»։

Նա նշել է, որ Ադրբեջանը ելնում է նրանից, որ Հայաստանի հետ հակամարտությունն անցյալում է` ընդգծելով, որ Բաքուն հանդես է գալիս միջազգային իրավունքի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի շուտափույթ սահմանազատման եւ սահմանագծման օգտին։ «Ադրբեջանը երբեք չի հավակնել օտար տարածքների, սակայն իր հողից ոչ մի թիզ չի զիջի»,-ամեն դեպքում ասել է Ասադովը։ Ա.Ասադովը երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից է համարել ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը հայրենի հողեր։

«2021 թվականին Ղարաբաղում /Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում- խմբ./ վերականգնողական աշխատանքների վրա 1.3 միլիարդ դոլարի պետական ​​միջոցներ են ծախսվել: 2022 թվականին այդ նպատակների համար պետբյուջեում նախատեսված է նույնքան գումար»,- ասել է նա։ Իսկ վերականգնմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկը, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ականապատ դաշտերն են. «Այսօրվա դրությամբ ականազերծվել է 20 հազար հեկտար տարածք։ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված երեք շրջանների ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը 25 տոկոսից պակաս է։ Մինչ օրս ականապատ դաշտերում պայթեցվել է Ադրբեջանի 167 քաղաքացի, որոնցից ավելի քան 30-ը մահացել են»։

Գերեվարված հայերի վերադարձի մասին Ասադովը ոչ մի խոսք չասած:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը